ԱՀՀ-ն պաշտոնապես Սպիտակ տանը խնդրել է կայքում հակահայկական խնդրագրերի վերաբերյալ հստակություն մտցնել
Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) պաշտոնապես Սպիտակ տանը խնդրել է տեղեկություն տրամադրել այն մասին, թե նախագահի աշխատակազմն անվտանգության ինչ միջոցառումներ է ձեռնարկում հանրահայտ «We the People» առցանց խնդրագրային ծրագիրն օտարերկրյա խարդախություններից պաշտպանելու վերաբերյալ։
Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայկական համագումարի պաշտոնական կայքը:
Սպիտակ տան գլխավոր խորհրդատու Վալերի Ջարեթիին ուղղված նամակում ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես անդրադարձել է ԱՄՆ-ի հայ համայնքին անհանգստացնող այն հանգամանքին, որ Սպիտակ տան կայքում տեղադրված հայկական թեմաներով խնդրագրերի շարքում կա մեկը, որը, գրեթե բառ առ բառ փոխանցում է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի լավ ֆինանսավորվող, սակայն անհիմն և ատելությամբ լի հակահայկական արշավի հիմնական մտքերը, որոնք միտված են խեղաթյուրել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության պատմությունը։
Համբարյանը խնդրել է հստակություն մտցնել այն հարցում, թե ինչպիսի կանոններ են գործում միջազգային մասնակցության համար: ԱՀՀ-ի գործադիր տնօրենը բացատրություն է պահանջել անվտանգության այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կիրառվում են կառավարության հետ երկխոսության համար անչափ կարևոր այդ գոտին օտարերկրյա խարդախություններից պաշտպանելու համար։
Համբարյանը Ջարեթի ուշադրությունը մասնավորապես հրավիրում է «We the People» կայքում տեղադրված խնդրագրերից մեկի վրա, որում նշվում է. «Ուշադիր ուսումնասիրեք ԼՂ հակամարտության պատմությունը. ադրբեջանական հողերի 20%-ը շրջափակման մեջ է հայկական զորքերի կողմից»։
Հետագայում պարզ է դարձել, որ այս խնդրագիրն ամենաուղիղ կապն ունի Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ։ Դա է վկայում նաև այն փաստը, որ ի տարբերություն «We the People»-ում տեղադրված մյուս խնդրագրերի, որոնց տակ նշվում է ստորագրողների բնակության վայրը, հակահայկական խնդրագրերի դեպքում հազարավոր ստորագրողների աշխարհագրական վայրն անհայտ է։
ԱՀՀ-ն մշտապես հետևում է այս զարգացումներին՝ տեղեկացնելով Կոնգրեսին, նախագահի վարչակարգին, ինչպես նաև մեդիադաշտին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ադրբեջանական սպառնալիքների, ագրեսիվ գործողությունների մասին։