«Թոքի քաղցկեղը գերակշռում է այնտեղ, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը»
Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների մեջ առաջին տեղը զբաղեցնում է թոքային քաղցկեղը: Ընդ որում, թոքային քաղցկեղն ամենատարածվածն է համարվում ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ աշխարհում: Երկրորդ տեղում կանանց մոտ արձանագրվող կրծքագեղձի ուռուցքն է, որն իր տարածվածությամբ գրեթե հավասարվում է թոքային ուռուցքին: «Երրորդ, չորրորդ տեղում (ընդ որում` պարբերաբար տեղերով փոխվում են) աղեստամոքսային տրակտի` հաստ աղիի կամ ստամոքսի ուռուցքներն են»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Տանանյանը:
Նրա խոսքերով՝ թոքային քաղցկեղի հիվանդության զարգացումը պայմանավորվում է նաև նրանով, որ շատ ուշ են հայտնաբերվում, և հիվանդներն ուշ են դիմում մասնագետների օգնությանը: Մասնագետի դիտարկմամբ` թոքային քաղցկեղի առաջացման և ռիսկի գործոնների մեջ ծխախոտի օգտագործումը կարող է զգալի դերակատարում ունենալ, պատճառների թվում է նաև սթրեսը:
Անդրադառնալով հանքարդյունաբերության և առողջության կապին, Ա.Տանանյանը նշեց, որ, ըստ վերլուծությունների՝ հանքարդյունաբերական գոտիներում մարդիկ լուրջ առողջական խնդիրներ են ունեն: «Այն մարզերում, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը, այնտեղ գերակշռում է թոքի քաղցկեղը, սակայն սա չպետք է տագնապի վերածել: Պարզապես մեր նպատակն այն է, որ մարդիկ ավելի շուտ դիմեն բժշկի, այլ ոչ թե սպասեն: Ինչքան շուտ հայտնաբերենք քաղցկեղը, այնքան բուժումը և ապրելիությունը կլինի բարձր ցուցանիշների վրա»,- ասաց նա:
Ա. Տանանյանը տեղեկացրեց, որ իրենց դիտարկումներով քաղցկեղի դեպքեր ավելի շատ արձանագրվում են նաև այն շրջաններում, որոնք տարել են մեծ սթրեսներ: «Առաջին տեղում գտնվում է Շիրակի մարզը, իսկ հետո՝ սահմանամերձ գյուղերը, որտեղից ավելի շատ հիվանդներ ենք ունենում»,- նշեց ուռուցքաբանը: Քաղցկեղի առաջացման ռիսկերից են ոչ միայն ծխախոտի չարաշահումն ու սթրեսները, այլև ժառանգականությունը, որի պարագայում մեծանում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը:
Անդրադառնալով կրծքագեղձի քաղցկեղին, Ա.Տանանյանը նշեց, որ կանայք այն կարող են հայտնաբերել ինքնազննման միջոցով և անհանգստությունների դեպքում պետք է անմիջապես դիմեն բժշկի:
Ըստ նրա՝ կանայք 35-40 տարեկանում պետք է պարտադիր անցնեն պրոֆիլակտիկ ուլտրաձայնային հետազոտություն, իսկ 40 տարեկանից հետո տարեկան մեկ անգամ մամոգրաֆիա:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա տղամարդիկ ևս 50 տարեկանից հետո պետք է պարտադիր շագանակագեղձի զննության ենթարկվեն, իսկ 45-50-ից հետո` գաստրոսկոպիա և այլն:
«Առաջին, երկրորդ փուլերում քաղցկեղը հայտնաբերելու դեպքում ապրելիության 5 տարին տոկոսայնությամբ լինում է բարձր՝ 80-95 տոկոս, իսկ եթե հայտնաբերում ենք երրորդ, չորրորդ փուլերում, ապա ապրելիությունը լինում է ավելի ցածր»,- ասաց Ա. Տանանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան