Դատարանը ևս 3 մլն դրամի արգելանք է դրել «Ժողովուրդ» օրաթերթի գույքի վրա
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տարածել է հայտարարությունը, ըստ որի Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ստացել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը այն մասին, որ հայցվոր Խաչիկ Խաչատրյանի միջնորդությունը բավարարվում է մասնակիորեն և հայցագնի 3 միլիոն դրամի չափով արգելանք է դրվում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ՍՊԸ և լրագրող Սոնա Գրիգորյանին պատկանող գույքի վրա, բացառությամբ դրամական միջոցների և բանկային հաշիվների:
«Այս իրավիճակը մտագոհիչ է այնքանով, որ դեռևս հունվարի 24-ին նույն դատարանի մեկ այլ դատավոր` Ռուբեն Ափինյանը, ևս բավարարել էր «X գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի միջնորդությունը և 3 միլիոն դրամի չափով արգելանք էր դրել «Ժողովուրդ» օրաթերթի և Սոնա Գրիգորյանի գույքի վրա: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի գույքի վրա արդեն 6 մլն դրամի արգելանք է դրված և ԴԱՀԿ աշխատակիցները շուտով նորից կհյուրընկալվեն:
Հիշեցնենք, որ դատավոր Ռուբեն Ափինյանի կայացրած որոշումից հետո հունվարի 30-ին «Ժողովուրդ»-ը կազմակերպեց բողոքի ակցիա, որին մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ ու լրագրողներ` դատապարտելով «Ժողովուրդ» օրաթերթի դեմ սկսված արշավը:
Այնուհետև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այս առիթով հանդես եկավ շատ կոշտ հայտարարությամբ` արձանագրելով, որ. «Դատարանի պատճառով այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնվել է ծանր վիճակում: Դարձյալ դատարանի պատճառով շատ ավելի ծանր վիճակում է մեր ժողովուրդը արդեն երկու տասնամյակ: Մեր դատարանի ու մեր ժողովրդի այս վիճակի համար մեղավոր են ՀՀ Վճռաբեկ դատարանը (17 մարդ) և ՀՀ Արդարադատության խորհուրդը (11 մարդ)…»:
Ստեղծված իրավիճակի հետ կապված իր մտահագությունն արտահայտեց նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը. «Ես իմ խորին մտահոգությունն եմ հայտնում «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված հայցադիմումների և դատական պրոցեսի կապակցությամբ: Անթույլատրելի է նման վերաբերմունքը լրատվամիջոցի նկատմամբ, և սա միանշանակ իր բացասական ազդեցությունն է ունենալու ե՛ւ լրատվամիջոցների, ե՛ւ, ընդհանրապես, պետության համար: Ինձ համար խիստ անընդունելի և դատապարտելի է այս դատական գործընթացը»:
12 հասարակական իրավապաշտպան կազմակերպություններ օրերս հանդես եկան հայտարարությամբ` արձանագրելով, որ «Դատարանների համար մոդայիկ է դարձել հայցի ապահովման միջոցների պահանջները մասամբ բավարարելով` արգելանք դնել լրատվամիջոցի հիմնադրի գույքի վրա: Ֆորմալ առումով, կարծես թե, անխոցելի այս որոշումներն արատավոր պրակտիկա են ձևավորում, երբ հայցվորների համար գայթակղիչ պայմաններ են ստեղծվում լրատվամիջոցին ճնշելու՝ նախքան վճռի կայացումը»:
Սակայն դատարանները շարունակում են կացնային քաղաքականությամբ մամուլին լռեցնելու փորձերը` ջանալով հնարավորինս հաճոյանալ օլիգարխներին: Նրանց չի հետաքրքրում քաղաքացիական հասարակության կայացումը, խոսքի ազատության կարևորությունն ու մարդու իրավունքները: Հակառակ Սերժ Սարգսյանի նախընտրական հավաստիացումներին, գործող ռեժիմի համար շարունակում է հարազատ մնալ փողը և փողատեր օլիգարխիան:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը հայտարարում է, որ Խաչիկ Խաչատրյանը (ձվերի Խաչիկ) նպատակ ունի սնանկացման ճանապարհով ճնշել ազատ խոսքը: Բայց «Ժողովուրդ»-ը դատարանում կապացուցի, որ Երևանի թռչնաֆաբրիկան շուկայում իրացրել է ժամկետանց և անորակ հավկիթներ, հետևաբար` Խ. Խաչատրյանը պետք է անձամբ ներողություն խնդրի օրաթերթից»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան