ԵՀԽ-ն կոչ է անում` ընտրություններն անցկացնել ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ-ի համապատասխան զեկույցների դրույթներով
«Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ) սպասում է 2013-ի փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Խորհուրդը կիսում է Եվրամիության ցանկությունը՝ Հայաստանում տեսնելու հետագա առաջընթաց ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում, ինչը կհամապատասխանի Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական չափանիշներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրոպա-Հայաստան խորհրդի կոչը` ազատ և արդար նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ փոխանցեց Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ, Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովի անդամ Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ):
Նա նշեց, որ իրենք ուզում են այս կոչով օգնել, նպաստել, որ ընտրությունները լինեն արդար, պատրաստ են օգնել Հայաստանին, որպեսզի կարողանան միասնաբար որոշակի փոփոխություն բերել ժողովրդավարության ճանապարհին: «Հայաստանը պետք է աճ գրանցի այս ընտրություններով»,- ընդգծեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:
Կոչում նաև նշված է. «2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունները նշանավորվեցին բավական մրցակցային քաղաքական միջավայրով: Դրանք նաև ուղեկցվեցին հավաքների և հատկապես մամուլի աննախադեպ ազատությամբ: Այս նվաճումներն օգնեցին Հայաստանին հաղթահարելու 2008-ի նախագահական ընտրությունների ցավալի իրադարձությունները: Այսօր բոլոր խոշոր քաղաքական ուժերը ներկայացված են Հայաստանի Ազգային Ժողովում, և նախկին բևեռացած քաղաքական միջավայրը հիմնականում վերափոխվել է խորհրդարանական բանավեճի: Այդուհանդերձ 2012-ի մայիսի ընտրություններում ձայների վաճառքի և կոռուպցիայի որոշ դեպքերը հանգեցրեցին հասարակական վստահության խարխլմանը: Միևնույն ժամանակ ընդհանուր առմամբ ժողովրդավարական առաջընթացը Հայաստանում նկատելի է: Մենք իսկապես ակնկալում ենք, որ շարունակական այս գործընթացն իր բարձրակետին կհասնի առաջիկա նախագահական ընտրություններում: Մենք նաև կոչ ենք անում իշխանություններին այս ընտրություններն անցկացնել՝ առաջնորդվելով եվրոպական դիտորդական առաքելությունների և մասնավորապես ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ-ի համապատասխան զեկույցների դրույթներով:
Անցած տարի Հայաստանը գրանցեց խոստումնալից առաջընթաց հավակնոտ Ասոցացման համաձայնագրի շուրջ Եվրամիության հետ բանակցություններում: 2012-ի դեկտեմբերին կնքվեց վիզաների դյուրացման համաձայնագիրը Եվրամիության հետ՝ մեծապես խթանելով մարդկանց միջև շփումները և խրախուսելով գործարար, ակադեմիական, մշակութային ու մարդկային հաղորդակցությունը Եվրոպայի հետ: Նախագահական ընտրությունների պատշաճ անցկացումը կամրապնդի Հայաստանի դիրքերը քաղաքական և ժողովրդավարական համատեքստում: Դա նաև կդարձնի Հայաստանը գրավիչ և կարևոր գործընկեր Եվրամիության համար: Երկու կողմերն էլ ցանկություն ունեն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններն ավարտին հասցնել առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: Սա, իր հերթին, տնտեսապես կհզորացնի Հայաստանը՝ օգնելով դիմակայել տարածաշրջանում հակամարտությունների և փակ սահմանների պատճառով առաջացած մարտահրավերներին, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքներին:
Դուք՝ որպես Հայաստանի ընտրողներ, կարո՛ղ եք փոփոխություն բերել: Քվեարկե՛ք ր ուժեղացրե՛ք Ձեր երկիրը: Եվրոպա-Հայաստան խորհուրդը և Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ հասարակական կազմակերպությունը կանգնած են Հայաստանի ժողովրդի կողքին ժողովրդավարության այս կարևոր փորձության ժամանակ, ինչը վճռական է դեպի Եվրոպա շարժվող երկրի խոստումնալից ապագայի համար»: