«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ». Ինտերնետ հասանելիության ծառայություններն ազատ մուտք են ապահովում դեպի համացանցի յուրաքանչյուր ռեսուրս
Վերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե որոշ հայաստանյան օգտատերեր չեն կարողանում մուտք գործել ինտերնետ ռեսուրսներ և որպես պատճառ մատնանշվում են ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ կապուղիներով տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունները:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ
1. Ընկերությունը ՀՀ տարածքում գործունեություն է ծավալում և առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ, ուստի ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ կողմից որևէ կայք չի արգելափակվում:
2. ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ-ում գործող միակ օպերատորը, որն ինտերնետ հասանելիություն է ապահովում երեք միջազգային կապուղիների միջոցով, այն է ՝ TELIASONERA, LEVEL 3 և ROSTELECOM՝ դրանով իսկ ապահովելով ինտերնետի անխափան մատակարարումը իր բոլոր հաճախորդներին:
3. Համաձայն ՌԴ օրենսդրության որոշ կայքեր (հիմնականում մանկապղծության, տեռորիստական և նմանատիպ բնույթի) արգելափակվում են ՌԴ օպերատորների կողմից ՌԴ տարածքում իրենց օգտատերերի համար:
Ռուսաստանյան ROSTELECOM ընկերության կողմից ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ և այլ հայաստանյան օպերատորներին մատակարարվող ինտերնետ հասանելիության ծառայության մեջ տվյալ կայքերը չեն արգելափակվում:
4. Ի գիտություն սպառողների ասենք նաև, որ կան կայքեր, որոնք ֆիզիկապես տեղակայված են ՌԴ տարածքում, պարունակում են արգելված բովանդակություն և արգելափակված են բոլոր երկրների ինտերնետ օգտատերերի համար՝ անկախ կապուղու պատկանելությունից:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ ընկերությունը մշտապես հոգում է իր բաժանորդներին տրամադրվող կապի որակի մասին և հավաստիացնում, որ հայաստանյան օգտատերերը ազատ են օգտվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված և չարգելվող բոլոր ռեսուրսներից:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմինները, հեռահաղորդակցության ընկերությունները և միջազգային կազմակերպությունները:
Նախորդող՝ «Ազատ դեմոկրատներ»-ի Երիտասարդական միությունը պահանջում է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ից ներկայացնել սպառիչ բացատրություն: http://panorama.am/am/IT/2013/02/14/ad-youngs/