«Ադրբեջանի իշխանությունները սադրանքներով շեղում են հանրությանն իրականությունից»
Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է լուծել ներքին խնդիրները` «հայերի կողմից վտանգի» առասպելով և ցանկացած ներքին խնդրին հակադարձում է «երբ մեր սահմանը վտանգված է…» ձևույթով՝ արհեստականորեն սերմացնելով «հայրենասիրություն»: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին:
Ըստ բանախոսի՝ սադրիչ գործողություններով և կրակոցներով Ադրբեջանը առաջին հերթին փորձում է լուծել իր ներքին խնդիրները, շեղել իր հասարակության ուշադրությունը երկրում տիրող ներքին իրավիճակից:
«Այս պահին Ադրբեջանի ներքաղաքական կյանքում լարված վիճակ է: Երկրում զանգվածային ցույցերը, ինչպես նաև Աքրամ Այլիսլիի գրքի հետ կապված իրավիճակը լարված ներքին մթնոլորտ է ստեղծել, և Ադրբեջանի իշխանությունները, սահմանի վրա լարվածություն ստեղծելով, փորձում են հասարակությանը շեղել իրականությունից»,- ասաց նա:
Ըստ բանախոսի՝ նման գործելաոճով Բաքուն փորձում է ցույց տալ, որ ինքը խնդիր ունի ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի Հանրապետության հետ:
Լևոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ սահմանամերձ գոտում լարվածությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ Ադրբեջանի ներքաղաքական կյանքի խմորումները չհանդարտվեն, սակայն առաջիկա տարիներին կողմերը ռազմական գործողությունների չեն անցնի:
«Եթե առաջիկա տարիներին տարածաշրջանում ֆորսմաժորային իրադարձություններ տեղի չունենան Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի մեջ չեն մտնի: Սահմանային դեպքեր դեռ լինելու են, քանի դեռ ստորագրված չէ վերջնական պայմանագիր: Հնարավոր է, որ իրենց կողմից որևէ զինվորական ինքնակամ կրակ արձակի մեր ուղղությամբ՝ առանց որևէ վերադասի հրամանի»,- ասաց նա:
Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ կապված խնդիրներին, բանախոսն նշեց, որ դրանք ավելի շատ քաղաքական են, քան տեխնիկական: «Ադրբեջանը իր սադրիչ հայտարարություններով առայժմ կարողանում է խոչընդոտել օդանավակայանի բացմանը: Միջազգային ուժերը, մտածելով, որ իսկապես Ադրբեջանը կարող է օդային հարված հասցնել օդանավակայանից թռչող ինքնաթիռներին, որին էլ կհետևի Հայաստանի պատասխանը, դեռ պահում է հայկական կողմին օդանավակայանի բացումից», - նշեց Լևոն Մելիք-Շահնազարյանը: