«Օգնել կարող ենք ամենքս». Միայնակ մոր երեխաներն արդեն ունեն սնունդ, հագուստ ու վառելիք
Lorinews.com մարզային լրատվական կայքի «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության միջոցով օրեր առաջ օգնություն է տրամադրվել նաև Վանաձորի Լենինգրադյան տնակային ավանում բնակվող Հովհաննիսյան Վարդիթերի 4 անչափահաս երեխաներից բաղկացած ընտանիքին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Panorama.am-ն էլ ներկայացրել էր Lorinews.com կայքի պատրաստած տեսանյութը: Միայնակ մայր Հովհաննիսյան Վարդիթերն իր 4 անչափահաս երեխաների հետ միասին ապրում է Վանաձոր քաղաքի տնակային ավաններից մեկում: Երեխաներից մեկը մանկուց հաշմանդամ է: Երկու փոքրիկները հաճախում են մանկապարտեզ, մոր պատմելով մանկապարտեզում եղած ժամանակ գոնե կարողանում են նորմալ սնվել ու իրենից սնունդ չուզել. «Գալիս են տուն, հաց են ուզում, բայց չեն հասկանում որ չկա…»:
Տրամադրված մեծածավալ օգնությունը հավաքվել է հիմնականում Վանաձորում ու Երևանում բնակվող քաղաքացիների ջանքերով` ձմեռային տաք հագուստի, սննդի, խաղալիքների ու վառելափայտի տեսքով:
Նախաձեռնության շրջանակներում ներկայացվող ընտանիքների փոքրիկների համար «ՀՕՖ» երեխաների աջակցության կենտրոնը, հատկացրել է շուրջ 30 տուփ վիտամիններով հարուստ մանկական սուպիկներ: Ընտանիքին տրամադրվել է նաև վառելափայտ՝ ամերիկահայ բարերարի կողմից նվիրաբերած գումարով: Այս ընտանիքին էլ, ինչպես Ավետիսյանների բազմանդամ ընտանիքին, օգնություն է տրամադրվել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի ապահովության նախարարության կողմից:
Նախաձեռնության շրջանակներում ներկայացված ու ներկայացվելիք ընտանիքներին օգնելու ցանկություն են հայտնել նաև մի քանի հասարակական կազմակերպություններ: ԱՄՆ-ից զանգահարած բազմաթիվ քաղաքացիներ խոստացել են պարբերաբար օգնություն տրամադրել՝ հագուստի ու սննդի տեսքով:
Տրամադրված օգնությունը թերևս մի մասն է, նախաձեռնությունը պարբերաբար սնունդ, գրենական պիտույքներ ու հագուստ կտրամադրի նախաձեռնության շրջանակներում ներկայացված ընտանիքներին:
«Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնությունը հույս ունի, որ դժվարության մեջ հայտնված ընտանիքներին օգնելու ցանկութուն կհայտնեն ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլ նաև պետական կառույցներն ու գործարարները:
Նախաձեռնության աջակցել և ներկայացված ընտանիքներին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով:
«Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության աջակից՝ Լոռու մարզպետարան: Սույն տեսանյութը պատրաստվել է «haytararutyun.com» կայքի և ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆինանսական օժանդակությամբ:
Նախորդող հրապարակում`
Վանաձորում թերսնման պատճառով չորսամյա աղջնակի մոտ մազաթափություն է սկսել