Արման Մելիքյանը գուցե չմասնակցի քվեարկությանը
«Ընտրությունների օրինականությունը չապահովվեց, և այս ընտրությունների արդյունքները չեն կարող ճանաչվել օրինական», - այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, տեղեկացնելով, որ փետրվարի 18-ին քվեարկությանը կարող է չմասնակցել: Միաժամանակ` բանախոսը կոչ արեց իր համակիրներին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել իր օգտին:
«Իմ անունը մնում է քվեաթերթիկում, բայց գուցե ես չեմ մասնակցի քվեարկությանը, սակայն առաջարկում եմ ոչ միայն իմ համակիրներին, այլ նրանց, ովքեր դեմ են կեղծ ընտրություններին, քվեարկեն իմ օգտին, դրանով վերածելով ընտրությունները կեղծարարության դեմ համազգային հանրաքվեի: Նրանք կքվեարկեն ոչ թե իմ օգտին, այլ ընտրությունների դեմ: Չգնալով ընտրություններին, մարդիկ չեն կարողանա ակտիվ քաղաքական դիրքորոշում դրսևորել, և այս տեսակետից ևս իրենց իրավունքները կոտնահարվեն», - ասաց Ա. Մելիքյանը:
Նախագահի թեկնածուի կարծիքով` փետրվարի 18-ից հետո նոր քաղաքական իրավիճակ է ձևավորվելու: «Այս փուլը ջրբաժան է լինելու մինչ այժմ եղած և ձևավորվելիք քաղաքական իրավիճակի միջև: Քաղաքական կուսակցությունները մինչև փետրվարի 18-ը պետք է հստակ դիրքորոշում հայտնեն, և կարողանան որոշակի տեղ զբաղեցնել մեր քաղաքական դաշտում»,-ասաց բանախոսը:
Ըստ Ա. Մելիքյանի, եթե ընտրություններին մասնակցի ընտրողների 56 տոկոսը, «այս տարբերությունը հսկայական է լինելու նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ, ինչը պետք է լուրջ մտահոգություն պատճառի գործադիր իշխանությանը, պատճառ հանդիսանա, որ ներկայիս խորհրդարանը ցրեն, մաքրեն գործարար պատգամավորներից»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում