Ր.Հովհաննիսյան. Առաջին փուլով հաղթելու է ժողովուրդը և ունենալու ենք նոր նախագահություն
«Այս քսանհինգ օրերի ընթացքում Հայաստանը փոխվել է աննկարագրելի: Հայ մարդը որոշել է, որ այս ընտրությունը ոչ այնքան անձերի` Սերժի, Րաֆֆիի կամ կուսակցական պայքար է, այլ հայ մարդու իրավունքն է Հայաստան ունենալու»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա չցանկացավ հերթական անգամ հնչեցնել իր ծրագրային դրույթները, դրա փոխարեն երկու լավ բան ասաց. թեկնածուները ունեն մուտք դեպի լրատվամիջոցներ, ինչը տարբերում է այս ընտրությունները նախորդներից: Իսկ երկրորդ լավը մատնանշեց այն, որ բարձրաձայնած խախտումները շատ դեպքերում անպատասխան չեն մնացել:
Սակայն խոսեց նաև բացասականից. «Անհավասար պայքար է, խախտվել է օրենսգիրքը, բայց սրանով հանդերձ ես չեմ հրաժարվելու պայքարից: Ես վստահ եմ, որ առաջին փուլով հաղթելու է ժողովուրդը և ունենալու ենք նոր նախագահություն»,-նշեց Ր.Հովհաննիսյանը:
«Սերժ Սարգսյանը շահեկանորեն տարբերվում է շատ պաշտոնյաներից, նա ունի սովորելու, լսելու հնարավորություն և դրա համար անհրաժեշտ է, որ պարոն Սարգսյանը ազատ թողնի իր մարզպետերի, քաղաքապետերի, մնացածի միջոցով շարքային քաղաքացուն, հետ կանչի ռեսուրսը, անգամ եթե դա նշանակի պարտություն առաջին փուլով: Բայց դա պարտություն միևնույն է չի լինելու, քանի որ կայանալու է հայ ժողովրդի սահմանադրական իրավունքը…. Ես այս կոչն անում եմ և կարծում եմ, որ նա ունի այդ հնարավորությունը խոսքը գործ դարձնելու»,- հայտարարեց թեկնածուն ու տեղեկացրեց, որ հաջորդ ասուլիսը տեղի կունենա փետրվարի 19-ին ժամը 17-ին Ազատություն հրապարակում, որտեղ էլ հանրությունը կտեղեկանա, թե ինչ է պատրաստվում անել Րաֆֆի Հովհաննիսյանը հետո, եթե պարտվի նախագահական ընտրություններում: Այդուհանդերձ հավելեց, որ վստահ է, որ ժողովուրդը գնում է մի նոր վիճակի ստեղծման, ժողովուրդը հաղթելու է առաջին փուլով: