Սերժ Սարգսյան. Հայաստանում որակյալ կրթությունը ճոխություն չպետք է լինի
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում հնարավոր է եղել ապահովել որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտ հնարավորություններ: Այս մասին նախընտրական քարոզչությունն ամփոփող իր ելույթում այսօր նշել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ խնդիրը հնարավոր է եղել լուծել պետության ու բանկերի համագործակցության արդյունքում:
Խոսելով որակյալ կրթության անհրաժեշտության մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Ե՛վ հայրս, և՛ մայրս բանվորներ էին: Նրանք այդպես էլ ուսում ստանալու հնարավորություն չունեցան: Սակայն իրենց իղձերի իրականացումը նրանք փնտրում էին ինձ ու եղբայրներիս ուսում տալու մեջ: Ձեզնից շատ շատերի համար կյանքն իր հնարավորությունները պարգևել է կրթության շնորհիվ: Եվ այսօր կրկին հենց կրթությունն է, որ մեր բոլոր զավակների առջև պիտի բացի բոլոր հնարավորություններն այս մեծ ու բարդ աշխարհում»:
Վկայակոչելով կրթության վարկավորման ոլորտում կատարված նորամուծությունները՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Ուսանողական նոր վարկերը գալիս են հեղաշրջելու մեր երեխաների կրթվելու հնարավորությունները: Մենք նախաձեռնել և ձեր վստահության դեպքում հետևողականորեն բարձրացնելու ենք դասավանդման, ուսման որակին ներկայացվող պահանջները: Մեր զավակներն այսօր արդեն աշխարհում գոյություն ունեցող լավագույն կրթությունը ստանալու հնարավորություն ունեն: Հավատում եմ` վաղը նման հնարավորություն ունենալու են նաև Հայաստանի տարածքում: Մենք պատրաստ ենք շարունակականորեն պետության ուսերին առնել մեր մանուկների նախակրթության հոգսը: Վստահ ենք, որ դպրոցական լավ կրթության համար այն պարտադիր պայման է: Կյանքի տեմպն արագանում է գլոբալացող աշխարհում, և մեր զավակները պիտի ոտքի կանգնեն ավելի արագ, քան մեր ծնողներն են կանգնել: Քան մենք ենք հասունացել: Աշխարհի զարգացման հրամայականն այլընտրանք չի թողնում»:
Միաժամանակ նախագահի թեկնածուն հիշեցրել է, որ նշված նպատակներին հասնելու որոշումը պետք է ընտրողը կատարի: «Դուք կարող եք որոշել, որ Հայաստանում ոչ մի երեխա չպետք է մնա առանց նախակրթության, առանց խնամքի ու հոգածության, առանց լավ դպրոցի ու ուսուցչի: Հայաստանում ոչ մի ընտանիք չպետք է զոհաբերի իր զավակի կրթությունը՝ հանուն օրվա հացի:
Հայաստանցի ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի կրթվելու, մասնագիտություն ստանալու իր հնարավորությունը սոսկ այն բանի պատճառով, որ նրա ընտանիքը չի կարող վճարել կրթության համար: Ոչ մի ձեռնարկություն մեր երկրում չպետք է որակյալ մասնագետ փնտրի արտերկրում, քանի որ Հայաստանում չի կարողանում լավ մասնագետ գտնել: Պահանջված ոչ մի մասնագետ չպետք է լքի Հայաստանը՝ ավելի լավ պայմանների ակնկալիքով: Ո՞ր ապագան ենք փնտրում: Գտնելու ենք այն ապագան, որն ընտրելու ենք հաշված օրեր անց»,- ասել է նա ու նշել. «Ուրեմն, օգնե՛ք ինձ: Օգնեք նախակրթության հոգսը առնել պետության ուսերին: Բարձրացնել մանկավարժների գիտելիքն ու մասնագիտական հմտությունները: Օգնե՛ք նոր գիտելիք ու հմտություններ սովորեցնել տասնյակ հազարավոր հայաստանցիների: Որակյալ մասնագիտական կրթությունը Հայաստանում չպետք է լինի ճոխություն: Այն տնտեսական անհրաժեշտություն է, որը պետք է մատչելի լինի յուրաքանչյուր ընտանիքի»:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ իրական փոփոխությունները սրանք են և ընտրողն այս հարցերում պիտի կողմնորոշվի: «Սրանում է այս ընտրությունների էությունը: Հանուն հենց այս փոփոխությունների եմ ես մտել պայքարի մեջ: Հանուն մեր ու մեր զավակների ապահով ապագայի: Նրանք արժանի են նման ապագա ունենալու: Մենք կարող ենք իրականություն դարձնել այս ամենը: Դուք կարող եք Հայաստանի համար ընտրել հենց նման ապագա: Ես վստահ եմ՝ մեր ապագան այդպիսին պիտի լինի»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան