«Ծառերը լեզու չունեն, որ ցավից գոռան ու ասեն մեզ մի կտրեք». Սուրենյան պուրակի գործով դատական նիստը կշարունակվի մարտի 14-ին
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել Սուրենյան պուրակի գործով հերթական դատական նիստը:
Ըստ «Ա1+»-ի՝ Սուրենյան շենքերի բնակիչները բողոքի հայտ էին ներկայացրել ընդդեմ « Մեկ մահակ» ընկերության և Երևանի քաղաքապետարանի,որի թույլատվությամբ էլ ընկերությունը սկսել էր կառուցապատել Սուրենյան պուրակը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը չնայած պատշաճ ծանուցման չէր ներկայացել նիստին:
Պատասխանող կողմը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով բնակիչներից հնարավոր վնասների ապահովում և փոխհատուցում 2 մլն 90 հազար դրամի չափով: Այս միջնորդությունը մեծ աղմուկ բարձրացրեց բնակիչների շրջանում:
«Դատարանը հնարավոր վնասներ ստանալու հանգամանքը ապացուցված չհամարեց և այդ իսկ պատճառով հիմնավոր կերպով մերժեց միջնորդությունը», - մանրամասնել է բնակիչների շահերը պաշտպանող փաստաբան Մնացական Ղազարյանը։
Հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրել է դատարանին, պահանջելով ներկայացնել պուրակում փորձաքննություն անցկացրած «ՀՀ փորձաքննությունների ազգային բոյուրոյի» լիցենզիան և այդ փորձաքննությունը իրականացրած փորձագետ Արթուր Առաքելյանի որակավորման վկայականը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 14 - ին:
Սուրենյան պուրակում դադարեցվել է ծառահատումը, սակայն բնակիչները նշում են արդեն 20 ից ավելի ծառ արմատախիլ է արվել:
«Բուլդողզերով անխնա 5 - 10 տարվա ծառերը արմատախիլ են արել: Մենք մինչև ոտքի կանգնեցինք պարզվեց արդեն «էս ծառն իմն է, էս սարն իմն է»։Մենք մինչև հիմա չենք դիմել բնապահպանության նախարարությանը, որովհետև չենք վստահում նրանց» , - ասում է բնակիչներից Գոհար Հայրապետյանը։
Բնակիչներից Լիլիթը հաճախ է իր երեխային բերում պուրակ զբոսնելու, ասում է, եթե պուրակը ոչնչացվի, 6 շենքի բնակիչներ կզրկվեն հնագստյան օրերը կանաչ տարածքում անցկացնելու հնարավորությունից . «Սա միակ տեղն է, որտեղ երեխան կարող է խաղալ: Այստեղ 6 շենք կա և միայն այս տարածքն է հատկացված և խնդրում եմ, որ դադարեցնեն ծառերը կտրել»։
12 -ամյա Քրիստինայի համար պուրակը ժամանցի և ամառային արձակուրդները անցկացնելու հիմնական վայրն է. «Մենք ամռանը գալիս ու ջրում էինք ծառերը։Մենք չենք ուզում քանդեն և ամեն ինչ լինի չոր ու ցամաք գետին, ուզում ենք որ այգի լինի ու գեղեցիկ բնություն»։
Քրիստինան ծառերը կտրողներին հիշեցնում է . «Ծառերը լեզու չունեն, որ ցավից գոռան ու ասեն մեզ մի կտրեք, դա նույնն է ինչ որ մարդու ձեռքը կտրես կամ սպանես»։
Սուրենյան պուրակում բնակելի շենք է կառուցվում։