ICES. Առաքելությունը ընդհանուր առմամբ դրական արձագանք է տվել նախընտրական քարոզարշավի ընթացքին
Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամները լրագրողների հետ հանդիպմանն այսօր ներկայացրեցին իրենց դիտարկումների վրա կազմված զեկույցների հիմնական հատվածները, որոնք վերաբերում են գալիք նախագահական ընտրություններին:
ՀՀ-ում և Վրաստանում Իսրայելի առաջին դեսպան Բարուհ Բեն Ներիյան տեղեկացրեց, որ առաջին հերթին իրենք ուսումնասիրել են ՀՀ Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքն ու նախընտրական իրավիճակը, ինչպես նաև վերլուծել ԿԸՀ-ի պատրաստվածությունը ընտրություններին և հայաստանյան ԶԼՄ-ների աշխատանքը:
Եվրախորհրդարանի պատգամավոր Զիտա Գուրմային էլ նախևառաջ տեղեկացրեց, որ լինելով Հունգարիայից, դատապարտում է հունգարական կառավարության քայլը Սաֆարովի արտահանձնման հարցում և հույս հայտնեց նաև, որ 2014թ-ին Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան վերականգնել խաթարվածը մեր երկրների միջև:
Անդրադառնալով նախընտրական զեկույցներին, տիկին Գուրմային տեղեկացրեց. «Մեր առաքելությունը ընդհանուր առմամբ դրական արձագանք է տվել նախընտրական քարոզարշավի ընթացքին: ՀՀ քաղաքացիների կողմից ահազանգերի առումով, թե հնարավոր են ընտրախախտումներ, այս կոնտեքստում բարեխիղճ աշխատանք է տարվել և միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի ընտրություններն անցնեն առանց խախտումների: ԿԸՀ-ն շատ բարձր և պրոֆեսիոնալ աշխատանք է կատարել»,- նշեց նա:
Նա խոսեց նաև ընտրացուցակների մասին, ընդգծելով, որ դրանք բավական ժամանակ առաջ են տպագրվել, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին հնարավորություն է տրվել այս ընթացքում ստուգել դրանք: Առաքելությունը էֆեկտիվ է գնահատել նաև իշխանությունների հետ համագործակցությունը և բարձր է գնահատում կառավարության կողմից մեծ քանակով հրավիրված միջազգային դիտորդների փաստը. «Մենք շատ կարևոր ենք համարում ընտրական այն օրենքը, որը թույլ չի տալիս արտերկրում գտնվող հայրենակիցներին մասնակցել ընտրություններին: Իսկ արտերկրում ժամանակավորապես գտնվող քաղաքացիներին հնարավորություն է տրվում վերադառնալ և քվեարկել»,- նշեց դիտորդը:
Հիշատակելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացրած մահափորձը, նա նշեց, որ ընդհանուր առմամբ քարոզարշավն անցել է նորմալ մթնոլորտում, իսկ հաշվի առնելով այն, որ թեկնածուների պաստառների համար տրամադրված ցուցատախտակները մնացել են դատարկ, Զ.Գուրմայիի համար նախընտրական այս շրջանը ավելի շատ նմանվում է «ներկայիս նախագահի վերընտրության» և ոչ թե բուն իմաստով քարոզարշավի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները