Հ. Նաղդալյան. Ադրբեջանը սրընթաց գլորվում է դեպի իսկական ֆաշիզմ
Ադրբեջանում կյանքի տարբեր ոլորտներում ընթացող երևույթները նույն փիլիսոփայությամբ են զարգանում և ցույց են տալիս, որ այդ երկիրը սրընթաց գլորվում է դեպի դիկտատուրա և ֆաշիզմ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին:
Նրա խոսքով, ադրբեջանական ֆաշիզմի մասին են վկայում ազգային պատկանելության հիմքի վրա թշնամի հռչակելը, այդ հիմքի վրա սպանություն կատարելն ու հանցագործին հերոսացնելը, մի ամբողջ ժողովրդի թշնամի հռչակելը, այլախոհներին բանտում պահելը և այլն. «Հանգամանքներ, որոնք արդեն նկատվում են թե’ ներքին կյանքում, և թե’ միջազգային հանրության կողմից: Գեբելսյան փիլիսոփայության վրա հիմնված ստի գաղափարախոսությունը դարձել է ամենօրյա վարքագիծ, օրական մենք ականջալուր ենք լինում նոր, ավելի ֆանտաստիկ ստի, բայց սրա մասին շատ է խոսվել: Այս ամենի մի նոր, էական ապացույց էլ բոլորովին վերջերս ներկայացրեցին աշխարհին` ֆաշիստական «լավագույն» ավանդույթների ոգով, որովհետև աշխարհը Հիտլերից հետո արդեն չէր էլ հիշում գիրք այրելու օրինակներ»,- նշեց տիկին Նաղդալյանն ու հիշեցրեց, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները պահանջել են այրել Ադրբեջանում հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիի բոլոր գրքերը, զրկել նրան քաղաքացիությունից, բոլոր պետական պարգևներից և արտաքսել երկրից:
Այս ամենը, շարունակեց մեր զրուցակիցը, խոսում է այն մասին, որ, ինչպես միջազգային հանրության ներկայացուցիչներից մեկն էր նշել վերջերս, Ադրբեջանի հասարակությունը պատրաստ չէ խաղաղության, բայց այստեղ հիմնախնդիրը նրանում է, որ Ադրբեջանի իշխանությունները վարում են գիտակցված քաղաքականություն` անելով ամեն բան, որ հասարակությունը պատրաստ չլինի խաղաղության և այս բոլոր պրոցեսների հեղինակը և նպաստողը հենց իրենք` ադրբեջանական իշխանություններն են. «Կարծում եմ, սա է կարևորը, ինչին միջազգային հանրությունը պետք է, ի վերջո, ուշադրություն դարձնի և իրական գնահատական տա այս իսկական ֆաշիզմին»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են