Պ. Հայրիկյան. Առանց շեղումների ընտրությունների դեպքում երկրորդ փուլն անխուսափելի է
«Մեզնից կախված մենք արեցինք հնարավոր առավելագույնը և՛ մեր գաղափարներն ու ծրագրերը ներկայացնելու տեսակետից, և՛ Հայաստանին ու հայ ժողովրդին հասցվելիք անցանկալի հարվածը կասեցնելու տեսակետից: Եթե հունվարի 31-ին հրեշտակները ինձ չօգնեին, ապա մենք հիմա կանգնած կլինեինք նոր ընտրություններ անցկացնելու առաջ»,- այսպես սկսեց իր խոսքը այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ամփոփելով նախագահական ընտրությունների քարոզարշավը՝ Պ. Հայրիկյանը համոզմունք հայտնեց, որ եթե ընտրությունները տեղի ունենան առանց շեղումների, ապա նախագահի թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում հաղթելու հնարավորություն չունի, հետևաբար, ըստ նրա, ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է:
«Բայց հնարավոր էր, որ ընտրությունները առաջին փուլով ավարտվեին, եթե մենք հայտարարի գայինք քաղաքական դաշտի իշխանական և ընդդիմադիր բաժանումով: Խնդիրն այն չէր, որ ընդդիմադիր կոչվող գործիչները աչքիս լույսն էին կամ մեծ, երևելի կերպարներ էին ինձ համար: Նրանք բոլորը մի ժամանակ եղել են նույն թիմում՝ ԱԻՄ-ի դեմ, հայ ժողովրդի առաջընթացի դեմ: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում եղել են Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Սերժ Սարգսյանը: Ընդդիմադիր չի նշանակում իշխանության ընդդիմադիր: Այնուամենայնիվ, որոշեցի միասնականության ճանապարհով գնալ, քանի որ միասնական հանդես գալը կարող էր երկրում էական փոփոխություն առաջացնել »,- ասաց նախագահի թեկնածուն:
Նա նշեց, որ Ր. Հովհաննիսյան, Հ. Բագրատյան, Պ. Հայրիկյան միավորումը առաջին փուլով ստանալու էր 70% ձայն: Սակայն, նրա դիտարկմամբ, պարզվեց, որ «ՀՀ նախագահ են ուզում դառնալ մարդիկ, ովքեր նույնիսկ միջին դպրոցական տարիքի երեխայի տրամաբանությունից զրկված են»:
«Ո՞րն է լավ՝ հաղթանակած թիմում լինե՞լ երկրորդը կամ երրորդը, թե՞ պարտված թիմում լինել առաջինը: Բնական է՝ հաղթանակած թիմում դու կուզես լինել նույնիսկ երրորդը: Աստված իրենց հետ: Բայց դա օգտագործվեց մեր դեմ: Ես ընդամենը ձգտում եմ նախագահ դառնալ 6 ամսով,ամենաշատը երկու տարով՝ ստեղծելու այն կառույցը, որի շնորհիվ մեր քաղաքացիները իրենց երկրի տեր զգան: Ինձ ոչ իշխանություն է պետք, ոչ էլ իրենց փողերը, ամեն ինչ իրենց, ես ընդամենը ուզում եմ շարունակել այն գործը, որ սկսել եմ, որը բոլորի սեփականությունն է, և մեր երկիրը բացառիկ օրինավոր երկիր դարձնելով՝ ամեն ինչ թողնել իրենց: Այս փուլի իմ հիմնական նպատակը դա է»,- հայտարարեց Պ. Հայրիկյանը:
Անդրադառնալով իր դեմ մահափորձի արդյունքում ընտրությունները հետաձգելու համար ՍԴ դիմելուն՝ նա ասաց, որ ողջ հասարակությունն ու անգամ ՀՀ օրենսդրությունը պատրաստ չէին նման զարգացումների:
«Պարզվում է, որ եթե հետաձգեի ընտրությունները 15 օրով, միևնույն է, այդ նույն 15 օրվա ընթացքում մյուս թեկնածուները նույնպես պիտի մասնակցեին քարոզարշավին: Այսինքն՝ ո՞րն է տարբերությունը: Ժամանակային իմաստով, միևնույն է, ես կորցրած եմ: Անկախ ամեն ինչից՝ մենք Աստծուն փառք տալու շատ բան ունենք: Առաջին՝ Ձեր խոնարհ ծառայի կյանքի համար, և երկրորդ՝ որ իմ արյունը պատճառ չդարձավ, որ Հայաստանում ևս մի արատավոր երևույթ ամրագրվի, որ Հայաստանում ընտրությունները ուղեկցվեն տեռորիստների հաջողություններով»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում