Վարդան Սեդրակյան. Սա հենց այն էր, ինչ ես երազում էի
ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի ասուլիսն այսօր չկայացավ: Նա վատառողջ է: Այսօր ողջ օրը մնալու է տանը, իրեն «կարգի բերի», որ երկուշաբթի գնա քվեարկության:
«Երեկ Պետրոսի մոտ մի կերպ եմ գնացել: Սեզոնային գրիպ է»,-Panorama.am-ին ասաց Սեդրակյանը:
Այսօր ավարտվող քարոզարշավը էպոսագետ թեկնածուն գնահատում է «հրաշալի»:
«Հրաշալի քարոզարշավ էր: Քարոզարշավի սկզբում ունեի առաջատար դիրքեր, քարոզարշավի վերջում ունեմ անուն, որը կապված է սպանությունների հետ: Մի խոսքով, սա հենց այն էր, ինչ ես երազում էի»,-ասաց Սեդրակյանը:
Թեկնածուն կարծում է, որ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձն իր «գլխին է կոտրվելու. «Դժվար թե մեկ ուրիշի, որովհետև այս իրավիճակում կոտրելու համար ամենահարմար թեկնածուն ես եմ»:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, Հայրիկյանի դեմ մահափորձի գործով երկու ձերբակալվածները աշխատել են հենց Սեդրակյանի տանը:
ՀՀ նախագահի թեկնածուն այսօր էլ համոզված է, որ քվեարկության արդյունքում ինքն է հաղթելու: Քվեարկության կգնա կեսօրին, Քանաքեռի թիվ մեկ երաժշտական դպրոցում:
«Ես հաղթելու եմ էս ընտրությունները, անկախ այն բանից, թե ինչ կանեն: Ես ձեզ մի բան ասեմ, կուզեի, որ դա գրեիք, նախագահական ընտրությունները փետրվարի 18-ին չեն ավարտվում, դրանք նոր սկսում են»,-ասաց Սեդրակյանն ու նշեց, որ չհաղթելու պարագայում որպես թեկնածու չի ստորագրելու ամփոփիչ թերթիկում: