Ադրբեջանում քննարկվում է Ալեքսանդր Շիրվանզադեին ժողովրդական գրողի կոչումից զրկելու հարցը
Ադրբեջանում հայկական ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիին ժողովրդական գրողի կոչումից զրկելուց հետո, Ադրբեջանում սկսել են քննարկել նաև հայ գրականության դասական Ալեքսանդր Շիրվանզադեին «Ժողովրդական գրող» կոչումից զրկելու հարցը:
Այս մասին գրում է «Pia.az» կայքը՝ նշելով, որ հայ գրող Շիրվանզադեն Ադրբեջանում առաջինն է արժանացել այդ պատվավոր կոչմանը:
«AzNews.az» լրատվական կայքը փորձել է պարզել ադրբեջանցի մտավորականների կարծիքը այդ հարցի վերաբերյալ:
Այսպես, բանաստեղծ Իլյաս Թափդըղը ասել է, թե «հին հարցերը չարժե փորփրել: Ալեքսանդր Շիրվանզադեն Ադրբեջանում մոռացված է և պետք չէ նրան վերհիշել: Շիրվանզադեի «Նամուս» ստեղծագործությունը երկար տարիներ ներկայացվել է ադրբեջանական բեմերում: Նա մեզանից առաջ է ապրել: Այժմ հարկավոր չէ վերհիշել այդ թեման»:
Իր հերթին, բանաստեղծ Մուսա Յագուբն ասել է, որ նախ պետք է հիմնավորել, թե ինչու է հարկավոր հետ վերցնել Ադրբեջանի առաջին ժողովրդական գրողի պատվավոր կոչումը Ալեքսանդր Շիրվանզադեից: «Նա ազգությամբ հայ է: Պետք է հիմնավորել, թե նրանից ինչու և ինչի համար է հետ վերցվում այդ կոչումը: Եթե նույն սկզբունքով շարժվենք, ապա Գիրգարյանին էլ է ժողովրդական բանաստեղծի կոչում շնորհվել: Եկեք այդ հարցերը չփորփրենք»,- խորհուրդ է տվել Յագուբը:
Հիշեցնենք, որ «Քարե երազներ» գրքում, որը տպվել էր դեռևս 2012 թ-ի դեկտեմբեր ամսին «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում, հեղինակը ականատեսների վկայությամբ վերարտադրում է Ադրբեջանի ԽՍՀ տարածքում հայաբնակ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների կողմից 1919թ-ին, ինչպես նաև 1988-90 թթ-ին իրականացված վայրագությունները, ինչի հետ կապված ադրբեջանական հասարակական և քաղաքական շրջանակները նախադեպը չունեցող արշավ են սկսել գրողի նկատմամբ, նրան մեղադրելով «ադրբեջանցիներին և թուրքերին խայտառակող ու նսեմացնող» գիրք գրելու, «դավաճանության», «սադրանքի» և այլ հանցագործությունների մեջ: