Գագիկ Ծառուկյանը կարող է դառնալ Երևանի քաղաքապե՞տ
«168 Ժամ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է մաս կազմել իշխանական կոալիցիային, սակայն դա տեղի կունենա ոչ թե նախկին ձևաչափով, այլ ավելի «քաղաքակիրթ» դրսևորմամբ: Ըստ այդմ, ԲՀԿ-ն ոչ թե կստանա պորտֆելներ ապագա կառավարությունում, այլ Երևանի քաղաքապետի պաշտոնը: Քաղաքագիտական իմաստով՝ ԲՀԿ-ն չի կարող մաս կազմել կոալիցիային, քանի որ չի սատարել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, սակայն կարող է հաղթել այս տարվա մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում: Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանի երկու խոշոր քաղաքներում` Երևանում և Գյումրիում, կլինեն ԲՀԿ-ական քաղաքապետեր, գումարած՝ Իջևանի, Սիսիանի և Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետերը: Սա ավելի մեծ քաղաքական ազդեցություն է, քան նույնիսկ կառավարության կեսը` վարչապետով հանդերձ:
Արդյունքում՝ կստացվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասն ապրում է ԲՀԿ-ական քաղաքապետերի կողմից ղեկավարվող համայնքներում: Տեղական իշխանությունը բավական լուրջ հնարավորություն կտա ԲՀԿ-ին և նրա ետևում կանգնած ուժերին՝ հավակնել իշխանությանը հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրություններում: Նշված սցենարն այս օրերին ակտիվորեն քննարկվում է ԲՀԿ-ում, որտեղ չեն բացառում, որ իշխանության համապատասխան պայմանավորվածության ձեռքբերման դեպքում Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը կարող է գլխավորել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ ԲՀԿ-ում՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածուներ, քննարկվում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի անունները: