Լրագրողի իրավունքն է իրավապահ մարմիններին չբացահայտել աղբյուրը. Փորձագետի դիտարկումները
Ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրությունների ժամանակ շատ լրագրողների մոտ ընտրակաշառքների կամ այլ իրավախախտումների մասին նյութեր հրապարակելիս դատախազություն կամ ոստիկանություն կանչվելու մտավախություններ են առաջանում: Իսկ հնարավոր չէ՞ առանց լրատվամիջոցին ավելորդ հարցաքննության «բացահայտել» խախտումը, մանավանդ որ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքով լրագրողը իրավունք ունի չբացահայտել իր աղբյուրը:
Միևնույն ժամանակ, Քրեական դատավարության մասին օրենքի 179-րդ հոդվածով իրավապահ մարմինների համար հաղորդումներ կարող են հանդիսանալ լրատվամիջոցների հրապարակումները: Իսկ դրանք հրապարակած լրատվամիջոցները, ինչպես նաև այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող` իրենց մոտ եղած նյութերը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, մեդիափորձագետ Աշոտ Մելիքյանի կարծիքով, որոշ հակասություն կա երկու օրենքների միջև: «Բանն այն է, որ լրատվամիջոցն կարող է չբացահայտել իր ինֆորմացիայի աղբյուրը, երբ ինքը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ իրեն այդ ինֆորմացիան տալիս են մի պայմանով, որ աղբյուրը չբացահայտվի: Իսկ եթե այդպիսի պայմանավորվածություն չկա, ապա իհարկե, իմաստ ունի բացահայտելը: Այստեղ որոշ հակասություն գոյություն ունի, բայց մյուս կողմից էլ՝ եթե մենք ուզում ենք որ դատախազությունը քննի այդ գործը, ուրեմն մենք պետք է ոչ թե աղբյուր, ապա փաստաեր ու հիմնավորումներ տրամադրել», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այդ առնչությամբ իր դիտարկումները ներկայացրեց պարոն Մելիքյանը :
Միաժամանակ, նրա խոսքով, լրագրողները իրավախախտումների մասին նյութեր գրելիս պետք է հիմնվեն լիարժեք փաստերի վրա և եթե հոդվածում ամեն ինչ ասված է, ապա մնացածը դատախազության գործն է:
Այն դեպքում, երբ լրագրողի նյութում համակողմանիորեն ներկայացված է իրավիճակը, ապա լրագրողը, ըստ փորձագետի, կարող է իրավապահ մարմիններին ասել, որ նյութում ամեն ինչ նշված է և դրան ավելացնելու ոչինչ չունի:
«Ուրիշ հարց է, եթե կան փաստեր, որոնց մասին դուք գիտեք, բայց չեք գրել, պայմանավորվել եք չբացահայտել, ապա այդ պարագայում իսկապես Ձեր իրավունքն է չխոսել, ինչը բխում է «Զանգվածային լրատվության մասին օրենքին»», -փոխանցեց Մելիքյանը:
Փորձագետի դիտարկմամբ, շատ ժամանակ դատախազությունը չգիտես՝ ինչու չի բավարարվում հոդվածում տեղ գտած փաստերով, իսկ թե ինչու՝ հասկանալի չէ: Նախորդ ընտրությունների փորձը Մելիքյանին ցույց է տվել, որ եղել են բազմաթիվ տեսանյութեր, հոդվածներ, որտեղ մանրամասնությամբ նկարագրված-ներկայացված է իրավիճակը, սակայն դրանք ընթացք չեն ունեցել:
«Մնացածով արդեն ինքը պետք է զբաղվի ու հայտնաբերի, ինքն ավելի պրոֆեսիոնալ է այդ կծիկը բացելու համար: Ուղղակի դատախազությանը կարելի է ասել՝ գիտեք ինչ, մենք ներկայացրել ենք վիճակը, մնացածով դուք զբաղվեք», -նկատեց փորձագետը: