Հացադուլավոր թեկնածուին սատարում են նստացույցով
Ոչ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ոչ էլ նրա նախընտրական շտաբն այսօր ընթացող քվեարկությանը չի հետևում: Այս մասին panorama.am-ի լրագրողին հայտնեց ԳԱԱ դիմաց հացադուլը շարունակող թեկնածուն: Նա տեղեկացրեց, որ զգում է իրեն բավարար, որևէ առողջական խնդիր չունի:
Ակադեմիկայի դիմաց` Ղուկասյանի վրանի կողքն այս պահին ընթանում է նաև նստացույց, որը կազմակերպել են մի խումբ քաղաքացիներ, որոնց թվում են, ըստ կազմակերպիչների տարածած հայտարարության` քաղաքագետներ Սարո Սարոյանն ու Մանվել Սարգսյանը, ինչպես նաև Դավիթ Հարությունյանը, Միհրան Մարգարյանը, Կարեն Հարությունյանը, Վահագն Մինասյանը: Քիչ առաջ նրանց միացավ իր կիթառով նաև Մաշտոցի պուրակի` անցած տարվա բողոքի ցույցերի մասնակից, բլոգեր Բայանդուր Պողոսյանը, ով այն ժամանակ հայտնի դարձավ իր մեկօրյա հացադուլով: Ակցիայի մասնակիցները «Ոչ ռեժիմին. ընտրակեղծարարությունը պետական հանցագործությունն է» պաստառով էին:
Մինչև ակցիան` կազմակերպիչները տարածեցին հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է.
«Նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը:
Այսօր ականատես ենք լինում հերթական կեղծ ընտրություններին:
Գտնում ենք, որ հանրության միասնական գործողությունների միջոցով է հնարավոր հաստատել քաղաքացու ընտրական իրավունքը և իշխանությունը վերադարձնել ժողովրդին:
Որպես մեր դիրքորոշման արտահայտում կեղծ ընտրությունների վերաբերյալ՝ հայտարարում ենք նստացույց:
Նստացույցին փետրվարի 19-ին կհետևի ակցիա ԿԸՀ դիմաց, որով կարտահայտվի մեր վրդովմունքը՝ Հայաստանում չծնված ժողովրդավարության վախճանի կապակցությամբ:
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն ընդունում կեղծ ընտրությունները և դրա միջոցով վերարտադրվող ապօրինի ռեժիմը, կոչ ենք անում այսօր և վաղը հավաքվել Գիտությունների Ազգային Ակադեմիայի դիմաց»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում