Ս. Մարտիրոսյան. Նախորդ ընտրությունների համեմատ մոտ երկու անգամ ցածր է ընտրախախտումների ցուցանիշը
«Այս պահին ընտրախախտումների հետ կապված կա մոտ 340 հաղորդագրություն, որից 105-ը ընտրարշավի ժամանակ է գրանցվել, իսկ մոտ 230 հաղորդագրություն այսօր է գրանցվել: Եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, մոտ երկու անգամ ցածր է ցուցանիշը»,- այս մասին անդրադառնալով www.iDitord.am կայքում նախագահական ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդագրությունների վիճակագրությանը` Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Այդիտորդ» ծրագրի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը:
Նրա գնահատմամբ, այս ընտրություններում ավելի շատ են ընտրախախտումների հետ կապված հավաստի աղբյուրները, երբ առկա են տեսանյութեր, ՀԿ-ների, լրատվամիջոցների ու թեկնածուների ընտրական շտաբների տեղեկություններ:
«Այսինքն՝ կոնկրետ պատասխանատվություն կրող սուբյեկտներ կան, մյուս կողմից կարևոր առանձահատությունն այն է, որ ոստիկանությունը շատ ավելի ակտիվ է արձագանքում ահազանգներին»,- փաստեց Ս. Մարտիրոսյանը:
Վերջինիս դիտարկմամբ, ընտրախախտումների վերաբերյալ ահազանգների մեծ մասը վերաբերում են ընտրությունների ժամանակ ընտրողներին ուղղորդելուն, քվեաթերթիկների լցոնումներին, այլ անձի փոխարեն քվեարկության դեպքերին. «Սակայն հիմնական ահազանգները վերաբերում են ընտրողներին ուղղորդելուն»,- նշեց նա:
Անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ առավել մեծ վստահություն ներշնչող տեսանյութերի վիճակագրությանը՝ Ս. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ տեսանյութերով ահազանգները 26-ն են, լուսանկարներով մոտ 10-ը, որոնք թեև համեմատաբար շատ չեն, բայց, ըստ նրա, քիչ էլ չեն:
Նա նաև ընդգծեց, որ այս պահին ահազանգները աստիճանաբար մարում են, իսկ քվեաթերթիկների հաշվարկի հետ կապված խախտումների վերաբերյալ ահազանգներ դեռ չեն գրանցվել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են