«Ունիսոն». Երևանի ընտրատեղամասերի 7%-ն է միայն հարմարեցված հաշմանդամների համար
Հաշմանդամություն ունեցող անձինք այսօր կանգնել են լուրջ խնդրի առաջ, պարզվում է, որ ոչ բոլոր ընտրատեղամասերն են մատչելի նրանց համար: Խնդրի մասին ահազանգում է «Ունիսոն» ՀԿ-ն, որը 15 դիտորդով դիտորդական առաքելություն է իրականացնում:
«Երևանի ընտրատեղամասերի 7%-ն է միայն հարմարեցված հաշմանդամների տեղաշարժի համար, փաստորեն եթե թվով նշենք, ապա Երևանի ողջ ընտրատեղամասերից ընդամենը 31–ն է, որ անխոչընդոտ է, այսինքն ունեն թեքահարթակ կամ զրոյական է մուտքի բարձրությունը»,-Panorama.am-ին ասաց «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով, «խնդիրները շատ են և սա ընտրողի իրավունքի խախտում է»:
Արմեն Ալավերդյանն արձանագրեց, որ կույր ընտրողների համար հատուկ տաղավար կա, իրենց կողմից ուսումնասիրված ընտրատեղամասերում դրանք առկա են, վատ տեսնողների համար էլ առկա է հատուկ նախատեսված ոսպնյակը: Նա խոստացավ, ուսումնասիրության արդյունքներն ամփոփել օրվա ավարտին:
Ընտրախախտումների վերաբերյալ Ա. Ալավերդյանը փոխանցեց, թեև իրենց դիտորդների քանակն այնքան էլ մեծ չի, սակայն նրանք շրջիկ դիտորդի պես շատ հետևողականորեն աշխատում են բոլոր ընտրատեղամասերում և հասցրել են անգամ փոքրիկ խոչընդոտներ ունենալ հանձնաժողովի անդամների հետ. «Մենք հետևում ենք նաև կահավորանքին, հաշմանդամը կարո՞ղ է փակ, գաղտնի քվեարկել, ո՞նց է տեղադրված քվեախուցը…այս առումով մենք լուրջ խնդիրներ չենք նկատել»:
Նրա խոսքով, ՀԿ դիտորդներից մեկի հետ խնդիր է առաջացել 2/05 ընտրատեղամասում: Դիտորդը հաշմանդամություն ունեցող աղջիկ է՝ ոչ սայլակով:
Երբ հարցրել է, թե հաշմանդամություն ունեցող քվեարկողներ այդ պահի դրությամբ եղե՞լ են, ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Սուրեն Մարտիրոսյանը շատ կոպիտ տոնով ասել է, որ իրեն նման հարցեր չտան:
«Դու ի՞նչ իրավունք ունես, ո՞վ ես որ էդպիսի հարցեր տաս»,-ասել է նա:
«Ունիսոն» ՀԿ ղեկավարը դժվարացավ ասել` արդյո՞ք ՀՀ ողջ տարածքով կարող են հաշմանդամների համար մատչելի ընտրատեղամասեր լինել, քանի որ իրենք այդ ռեռսուրսները չունեն ընտրական տեղամասերում հերթով գտնվելու և ուսումնասիրություն անցկացնելու համար. «Կարող եմ վստահ ասել միայն, որ Երևանում այդ առումով վիճակը ավելի լավ է, այդքան բան»:
Պարոն Ալավերդյանը վստահեցրեց, որ ՀԿ դիտորդները իրենց ոչ մեծ կազմով մինչև օրվա ավարտը կհասցնեն անպայման մինչև 200 ընտրատեղամասում լինել և հետևել աշխատանքներին: