Հրանտ Բագրատյան. «Ես հպարտ եմ այդ 30000 ձայնի համար»
ՀՀ նախագահի թեկնածու Հրան Բագրատյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին, գրել է.
«Դե ինչ, ընտրություններն ավարտվեցին։ Մեզ ինչ-որ թիվ են տալիս (2%)՝ բավականին ցածր։ Առաջին հայացքից սա պարտություն է։ Իրականում, սակայն, ես հպարտ եմ այդ 30000 ձայնի համար (կարծում եմ մեր շուրջ 100000 ձայնից մեզ այդքանն են թողնելու)։ Հասկանում եմ, որ իշխանությունները համառորեն շարունակում են պարզապես խլել իմ առանց այդ էլ ոչ մեծաթիվ ձայները։ Ընտրակաշառքներ, լցոնումներ, կրնկնաքվեարկություններ, խայտառակ ցուցակներ։ Մենք դեռ կքքնարկենք պաշտոնապես բողոքարկելու խնդիրը։
Մեր ձեռքի տակ եղած արձանագրություններից միայն մի քանիսն են 5%-ից պակաս և որպես կանոն տատանվում են 5-8%-ի շրջանակներում։ Բոլոր դեպքերում դա հաղթանակ չէ. ես այս անգամ չգտա հաղթանակի բանալին։ Բացի այդ ի սկզբանե իշխանությունները պայքարում էին ոչ միայն իրենց թեկնածուին անցկացնելու, այլև երկրորդ և կամ նույնիսկ երրորդ տեղերը կանխորոշելու համար։ Րաֆֆին դրանից հրաշալի օգտվեց։ Բռավո։ Իշխանությունները վերջում բացահայտորեն փոշմանեցին և փորձեցին կասեցնել նրա հաղթարշավը։ Բայց արդեն ուշ էր։ Հիմա իրադարձությունների հետագա ընթացքը նրանից է կախված։ Եթե Պարույրը իրեն ճիշտ պահեր, վստահ եմ, երրորդ տեղը նրանն էր լինելու (չնայած, հիմա էլ ուշ չէ)։ Այդպես էր որոշված։ Ձեր ձայների համար Շնորհակալ եմ, սիրելիներս, դրանք անգին ձայներ են ու, կտեսնեք, չեն կորելու»։