Փաստաբանի սպանության գործ. Աղջիկը պատմում է` ինչպես էր Արտակ Վերանյանը հետապնդում իրեն
22-ամյա Տաթևիկ Ասլիկյանը, որ նոյեմբերի 18-ին սպանված Հայաստանի փաստաբանների պալատի նախկին փաստաբան Սամվել Շարբաթյանի քրոջ դուստրն է, իրեն մեղավոր է զգում սիրելի քեռիի մահվան մեջ ու նրա մասին պատմելիս հուզվում է:
Տաթևիկի ընտանիքը սարսափելի դեպքից հետո այժմ ամբողջական չէ` եղբայրը բանակում է, հայրը` արտագնա աշխատանքի, իսկ ինքն ու մայրը Վանաձորից տեղափոխվել են Երևան: Մայրը Վանաձորում թողել է աշխատանքը, Երևանում էլ չի աշխատում, ապրում են վարձած բնակարանում, իսկ Տաթևիկը դեռևս ուսանողուհի է:
Տաթևիկին համառորեն հետապնդել է Վանաձորում քրեական անցյալ ունեցող և այժմ փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության համար մեղադրվող ու կալանավորված Արտակ Վերայանը: Քրոջ դստեր նկատմամբ հետապնդումը դադարեցնելու խնդրանքով նոյեմբերի 18-ին Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում փաստաբանը հանդիպել է Արտակ Վերանյանի հետ, սակայն հանդիպումը դժբախտ ավարտ է ունեցել: Այժմ Սամվել Շարբաթյանի սպանության մեղադրանքով կալանավորված են 3-ը` եղբայրներ Արտակ ու Արեն Վերանյանները, ինչպես նաև Վանաձորի ավագանու անդամ, սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Սամվել Դիլոյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ հարցազրույցում Տաթևիկն անկեղծանում է և պատմում` ինչպես են սկսվել Արտակ Վերանյանի հետապնդումները իր նկատմամբ.
«2012-ի սեպտեմբերին մի օր ինքը ինձ մոտեցավ ու ցանկություն հայտնեց ծանոթանալ ինձ հետ ու շփվել: Սակայն ես հենց սկզբից մերժեցի նրան, խնդրեցի, որ այլևս չանհանգստացնի: Ինքն առաջարկեց միասին քայլել, խոսել, բայց ես ցանկություն չունեի. քայլել եմ կանգառ, նստել երթուղային ու գնացել տուն: Դրանից հետո մեկ-երկու, մեկ-երկու մոտենում, շարունակում էր անհանգստացնել: Հնարավոր չէր օր, որ չմոտենար: Աշխատանքի գնալուց էլ նկատել եմ` ինչպես էր հետապդում մեքենայով` տնից մինչև գործի վայր, հետո էլ աշխատանքից տուն` նույն պատկերն էր:
Անհանգստացնելը հասել էր գագաթնակետին. լինում էր, որ մոտենում էր, ես կրկնում էի, որ հնարավոր չէ նման բան, բայց ինքը շարունակում էր: Ինձ մոտ սթրես էր առաջացել նրա անընդհատ հետապնդումներից: Եթե մարդու նկատմամբ զգացմունք չունես, ինչպե՞ս կարող ես ստեղծել, կամ եթե չես կարողանում շփվել տվյալ մարդու հետ, ինչպե՞ս կարող ես ստիպել շփվել: Այդ ամենը ես իրեն ասել եմ, բայց ինքն ասում էր, թե դա պատճառաբանություն չի և այլն: Իմ ցանկացած ասած իր համար արժեք չուներ, և նա իր ուզածով էր առաջ շարժվում: Շփման համար ես ունեմ շրջապատ և որոնց հետ ես շփվում եմ, ինքն իմ շրջապատից չէր»:
Աղջիկն ասում է, որ բացի հետապնդումներից նաև հեռախոսային հաղորդագրություններ է ստացել, որոնք իր համար ահաբեկող բնույթ են ունեցել: «Ինձ համար այդ հաղորդագրությունները ահաբեկող էին` ի՞նչ է նշանակում` ոնց ուզում ես արա, ինձ հետ ես լինելու, դու այլընտրանք չունես», հաղորդագրությունների ընդհանուր բնույթն է նկարագրում Տաթևիկը:
Նա ասում է, որ այդ հետապնդումների մասին մորեղբորն ինքը որևէ բան չի ասել: «Քեռիս իմացել էր ուրիշից, անհանգստացել է ու որոշել է գալ, հանդիպել նրա հետ», -հուզվում է Տաթևիկը ու չի կարողանում շարունակել:
Նրա խոսքով, կատարվածից հետո իրենց բակից մի բանագնաց, ըստ երևույթին մյուս կողմից, մոտեցել է իր հորը և ասել, որ «ինչ եղել-եղել է, պետք չի բողոքել», սակայն Տաթևիկի խոսքով, հայրն անտարբերության է մատնել բանագնացի հորդորը: Բացի այդ, դեպքից հետո էլ, ինչպես աղջիկն է ասում, մի քանի անգամ նկատել է ու զգացել` ինչպես են հետևում իրեն: Այս ամենից հետո նրանց փոքր ընտանիքը չի ցանկացել մնալ Վանաձորում ու տեղափոխվել է Երևան:
Նախորդող հրապարակում. Այժմ էլ սկսել են ազդել փաստաբանի սպանության գործով հիմնական վկայի վրա