Ինչի մասին են խոսում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
2013-ի նախագահական ընտրությունների ավարտված քվեարկությունը և նախնական արդյունքները հնարավորություն են տալիս որոշ եզրակացություններ անել երկրում քաղաքական իրավիճակի և թեկնածուների նման դասավորվածության պատճառների վերաբերյալ: Բնականաբար, առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առաջին երկու տեղը զբաղեցրած թեկնածուները:
Նախևառաջ, ինչպես և սպասվում էր, գործող նախագահը զբաղեցրեց առաջին տեղը` հավաքելով ձայների շուրջ 59 տոկոսը և հաղթելով առաջին փուլում: Դրա պատճառների մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ ցանկացած երկրում նախագահն ունենում է որոշակի քանակությամբ ձայներ դեռ մինչև քարոզարշավը և նույնիսկ առանց քարոզարշավի, քանի որ եթե նա պաշտոնավարման առաջին փուլի ընթացքում թույլ չի տալիս պետության և հասարակության համար ճակատագրական սխալներ, ապա միշտ ունի աշխատանքով ապահովված, բիզնես ունեցող, իշխանական լծակներից օգտվող և առհասարակ` այսպես ասած իրենց կյանքից գոհ մարդկանց քվեները: Այդպիսի մարդիկ Հայաստանում քիչ չեն, և, ըստ էության, գործող նախագահի ստացած ձայները հիմնականում պայմանավորված են նրա պաշտոնավարման առաջին փուլի ձեռքբերումներով և հետագա անելիքներն արձանագրած ելույթներով:
Ընտրությունների ամենամեծ ինտրիգը, թերևս, կապված էր երկրորդ տեղի հետ, որը զբաղեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը ձայների շուրջ 38 տոկոսով: Բայց հաշվի առնելով, որ խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ նրա գլխավորած “Ժառանգություն” կուսակցությունը չէր անցել նույնիսկ 10 տոկոսի շեմը, ապա ձայների նման տարբերությունը մեկնաբանման կարիք ունի: Նախ, Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած 38 տոկոսը նրա ձայները չեն, ավելի ճիշտ, այդ 38 տոկոսի մեծ մասը ընդդիմության հավաքական ձայներն են: Դրանք, ըստ էության, գործող նախագահին դեմ քվեարկած ձայներն են: Րաֆֆի Հովհաննիսյանն անձնապես այդքան ձայն չունի, և դա կապացուցվի խորհրդարանական հաջորդ ընտրություններով, որին, եթե մասնակցեն ընդդիմադիր հիմնական ուժերը` ՀԱԿ-ը և Դաշնակությունը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք չի հավաքի նույն 38 տոկոսը, այլ կստանա քվեների անհամեմատ ավելի համեստ չափաբաժին: Մի գուցե նույնիսկ ավելի քիչ, քան խորհրդարանական նախորդ ընտրություններին: Ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանը ձայների 38 տոկոսով հայտվել է լուրջ հարցի առաջ. եթե նա չկարողանա ապահովել մոտավորապես այդքան ձայն խորհրդարանական հաջորդ ընտրություններում /իսկ ընդդիմադիր մյուս ուժերի մասնակցության պարագայում միանշանակ չի ապահովի/, ապա ստիպված է լինելու և պարզաբանումներ տալ իրեն սպասող ձախողման վերաբերյալ:
Բայց Րաֆֆի Հովհաննիսյանին տրված ձայներն այլ խորհուրդ էլ ունեն, բացի նրանից, որ հավաքական ընդդիմության ձայների մի մասն են: Այդ ձայները վկայում են, որ երկրում ապրող մարդկանց շուրջ 40 տոկոսը /եթե հաշվի առնենք նաև քվեարկություն բոյկոտող, կամ անվավեր /ինչը նաև նշանակում է` բոլորին դեմ/ քվեարկած մարդկանց/ բավարարված չէ գործող նախագահի պաշտոնավարման առաջին փուլի արդյունքներով և երկրում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն է զգում:
Հեղինակ՝ Մովսես Դեմիրճյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում