Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից. ԵԱՀԿ ԽՎ
Հայաստանի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հայտարարություն է տարածել, որում ներկայացնում է ԵԱՀԿ ԽՎ դիրքորոշումը:
Փետրվարի 18-ի հայաստանյան նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավվել էին, սակայն թեկնածուների ուժային սահմանափակ ներկայացվածությունը ենթադրում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից. այսօր հայտարարությամբ եզրակացրեցին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները:
Համաձայն դիտորդների` քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը:
«Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից», - հայտարարեց Տոնինո Պիցուլան` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը: «Մեզ համար հաճելի է առաջընթաց գրանցել մի քանի ոլորտներում, սակայն մրցակցությունը կարևոր է, եթե Հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտումները` դեպի ամուր և ոգեշնչող ժողովրդավարություն»:
Ըստ դիտորդների` ընդհանուր առմամբ քարոզարշավն անցել է խաղաղ և լավ կազմակերպված: Դիտորդներն ասացին, որ ձեռնարկվել են թափանցիկությանն ուղղված կարևոր միջոցառումներ, նաև` քվեարկողների ցուցակը բարելավելու էական ջանքեր արձանագրելով: Այդուհանդերձ, առաքելությունը նկատել է, որ, մասնավորապես տեղական մակարդակով, հստակ չէր գործող նախագահի քարոզչական ակտիվիստների և պետական կառույցների տարանջատումը: Սա ներառում էր վարչական ռեսուրսների սխալ օգտագործում և ճնշում հանրային աշխատողների վրա, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին և քարոզարշավի միջոցառումներին:
Լրատվական ծածկույթը թույլ տվեց ընտրողներին տեղեկանալ քարոզարշավի մասին: Սակայն դիտորդները նշեցին, որ մի քանի ազդեցիկ կուսակցությունների` թեկնածու չառաջադրելու որոշումը հանգեցրել է ընտրողների շրջանում հակակրանքի և վստահության պակասի:
Ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկության գործընթացը լավ էր կազմակերպված, սակայն դիտորդները նկատեցին, որ անձնագրերի թանաքը չի ապահովել մի քանի անգամ քվեարկելու դեմ նախատեսված երաշխիքը, քանզի թանաքը հեշտությամբ մաքրվում էր:
Հայաստանյան իշխանությունների հրավերով` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում սահմանափակ դիտորդական առաքելություն է նշանակել: 1995 թվականից ի վեր սա Վեհաժողովի նշանակած ութերորդ դիտորդական առաքելությունն էր: