Դիտորդները հրաժարվեցին լսել Հայաստանի քաղաքացիների այլընտրանքային զեկույցը
Ինչպես արդեն Panorama.am-ը տեղեկացրել է, եվրոպացի դիտորդների ասուլիսն այժմ մի քանի րոպեով ընդհատվել է, և դիտորդները, հավանաբար սպասում են, որ կրքերը մարեն, ինչից հետո կշարունակեն ներկայացնել իրենց դիտարկումները նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Նշենք, որ դիտորդների զեկույցի ներկայացումից հետո ակտիվիստ Լենա Նազարյանը ձայն խնդրեց և փորձեց բարձրախոսով մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից պատրաստված այլընտրանքային զեկույցը ներկայացնել: Սակայն կազմակերպիչները նրա թևերից բռնելով փորձեցին հեռացնել, բայց չստացվեց, ու նա անջատված բարձրախոսով փորձեց ներկայացնել ընտրությունների վերաբերյալ այլընտրանքային եզրակացությունը:
Քիչ անց մեկնաբանելով ակցիան, դրա մասնակից «Բեկում» ժողովրդավարության հասարակության կենտրոն ՀԿ ղեկավար Արթուր Մինասյանը նկատեց, որ եվրոպացիները, ովքեր խոսում են համամարդկային արժեքներից, երևաց, թե ինչպիսի վարքագիծ են դրսևորում. «Տեսաք, թե ինչպես քաշքշեցին մարդուն ու թույլ չէին տալիս խոսել»:
Մինասյանն ասաց, որ մեծ թվով քաղաքացիների կողմից է ներկայացված այլընտրանքային զեկույցը: Նրա խոսքով, խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքացիներն էլ ներկայացնեն այլընտրանքային զեկույց, որը կհակակշռի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցին: «Մեր կարծիքով, նրանց զեկույցը կողմնակալ է ու չի համապատասխանում ընտրությունների իրական պատկերին` եղել են կեղծված ընտրություններ, խայտառակ ընտրություններ, -հավելեց Մինասյանը: