Ակնկալիքները Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետից. «The New York Times»-ի դիտարկումը
Ամերիկյան «The New York Times» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է նախօրեին Հայաստանի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններին:
«Հայաստանի բնակիչները քվեարկեցին նախագահական ընտրությունններում, որոնք, ամենայն հավանականությամբ, կապահովեն Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետն ու կայունություն կպահպանեն մի երկրում, որը ԱՄՆ-ի համար կարևոր, եթե չասենք հակասական, դաշնակիցն է դարձել Իրանի միջուկային նկրտումները դիտարկելու հարցում», - գրում է է հոդվածագիր Դավիթ Հերզենհորնը:
«Նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը պայքարում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պայմաններում, 58-ամյա վետերան քաղաքական գործիչ Սարգսյանն ընկալվում է որպես վերջին տարիներին համեստ տնտեսական բարեփոխումներ իրականացրած գործիչ»,-գրում է պարբերականը:
«Չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանի հաղթանակն ակնկալելի էր, քարոզարշավի ընթացքում անսպասելի զարգացումենր, այնուհանդերձ, տեղի ունեցան»: Այս համատեքստում նշվում է ողջ ընթացքում նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը, որ պահանջում էր չեղյալ հայտարարել է գործող նախագահի թեկնածության գրանցումը: Անդրադարձ կա նաև այլ թեկնածու՝ Պարույր Հայրիկյանի, թերթի բնորոշմամբ, «առանց որևէ հայտնի դրդապատճառի» իրականացված մահափորձին: Նշվում է, թե Հայրիկյանը նախկին ԽՍՀՄ այլախոհ է եղել, ով պայքար է մղել Հայաստանի անկախության համար և մի քանի անգամ ձախողել է նախագահական ընտրություններում:
«Պարոն Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետից ակնկալվելու է Ադրբեջանի հետ առկա հակամարտությունում որևէ առաջընթացի արձանագրում, ինչպես նաև դիտարկելու են, արդյոք Հայաստանը կթուլացնի աջակցությունն Իրանի նկատմամբ գործող տնտեսական պատժամիջոցներին, որոնք ինքնին բարդացնում են կյանքը երկու պետությունների համար էլ», - գրում է հեղինակը:
Նշվում է, թե Հայասատանը ավանդավար մեծ կախվածություն ունի Իրանից, վերջինիս տնտեսական գործընկերը լինելու պատճառով, սակայն այդ կապերն այժմ գնալով սահմանափակվում են իրանական միջուկային ծրագրին ուղղված պատժամիջոցների հետևանքով: «Հայաստանը սատարել է Իրանի նկատմամբ կիրառված միջոցները, միաժամանակ շարունակելով ներգրավված մնալ դրանք շրջանցող առևտրային հարաբերություններում, ինչպես օրինակ բնական գազը էլեկտրաէներգիայի փոխանակելու տեսքով, ինչը բացառում է դրամական շրջանառությունը երկու պետությունների միջև»: Այս առնչությամբ արևմտյան անանուն դիվանագետներից մեկը թերթին հայտնել է, թե «այնքան էլ ցանկալի իրավիճակ չէ, երբ ստիպված ես Իրանի պես երկրին համարել քո հիմնական տնտեսական գործընկեր»:
«Նրանք շատ-շատ զգույշ են եղել, բարեհաջող կերպով, որոշակիորեն Հայաստանի հաշվին հետևելով Իրանի նկատմամբ կիրառված ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցները: Սակայն նույն կերպ շարունակելն առավել բարդ է դառնում», - ասել է անանուն դիվանագետը:
Հոդվածագիրը, վկայակոչելով դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային դիտորդներին, նշում է, թե քարոզարշավի ընթացքում տեղեկություններ են շրջանառվել Սարգսյանի կուսակցության կողմից վարչական ռեսուրսներն հոգուտ սեփական թեկնածուի չարաշահելու մասին, ինչը հետխորհրդային երկրների գործող նախագահների վերընտրման դեպքում հաճախ հնչեցվող քննադատությունների շարքից է: «Դիտորդներն, այնուանդերձ, նշում են, թե ընդհանուր քաղաքական մթնոլորտը Հայաստանում բարելավվել է: Օրինակ է հանդիսանում այն հանգամանքը, որ ընդդիմադիր թեկնածուներն առավել մեծ լուսաբանում են ստանում լրատվամիջոցների կողմից»:
Հոդվածում նշվում է, թե այս ընտրություններին Սերժ Սարգսյանին համեմատաբար քիչ մրցակցություն բաժին ընկավ այն բանից հետո, երբ նրա հիմնական մրցակիցները՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ից և Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեցին մասնակցել ընտրություններին:
«Ես քվեարկել եմ հանուն մեր քաղաքացիների և նրանց ընտանիքների անվտանգության», -հոդվածի վերջում մեջբերվում է քվեաթերթիկը գցելուց հետո Սերժ Սարգսյանի խոսքերը: