Հովհաննես Թումանյան… Այսօր «հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրա»-ի ծննդյան օրն է
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
1869 թվականի հենց այս օրը ծնվել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ,պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ:
Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ «Անուշ» (1912 թ) և «Ալմաստ» (1930 թ.) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա: Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվել է Թիֆլիս: 1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը,Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Որոշ ընդմիջումներով այն գոյատևեց մինչև 1908 թ.:
1912 թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ: Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-20 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ:
1912-1921 թթ. եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով: Մի քանի ամիս մնալով` այնտեղ նա վերադառնում է հիվանդացած: 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս: Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է:
«Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե և կվայելե հանդիսատեսի աչքերով, այլ գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերեն մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, բանաստեղծ Հովհաննես Թումանյան»,- ամենայն հայոց բանաստեղծի մասին ասել է զորավար Անդրանիկը:
Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Հ. Թումանյանի ծննդյան օրը հայտարարված է նաև գիրք նվիրելու օր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում