«Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով». Նոր փաստավավերագրական ֆիլմ ղարաբաղյան հակամարտության մասին
«Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» երկու մասից բաղկացած փաստավավերագրական ֆիլմը, որը թողարկվել է 2012-ի փետրվարին (http://www.youtube.com/watch?v=kvzfp9nb-VU), այժմ հասանելի է նաև անգլերեն թարգմանությամբ (http://www.youtube.com/watch?v=Gxc7jdIasQg):
Երկու մասից բաղկացած այս փաստավավերագրական ֆիլմը պատմում է այն ողբերգական դեպքերի մասին, որ տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում 1991թ.-ի նոյեմբերից 1992թ.-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում:
Պատմաբաններից, նախկին քաղաքական գործիչներից, ինչպես նաև հետաքննող լրագրողներից կազմված հետազոտական խումբը ֆիլմում ներկայացրել է համոզիչ փաստեր տվյալ ժամանակաշրջանի վերաբերյալ. այն նոր լույս է սփռում մայրաքաղաք Ստեփանակերտի շրջափակման, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական վերնախավի գործունեության վրա, որը կազմակերպեց Խոջալուի (այժմ` Իվանյան) ողբերգական դեպքերը: Հետազոտության ընթացքում հավաքագրված արխիվային նյութերը հարցականի տակ են դնում ադրբեջանական կառավարության, լրատվամիջոցների և «փորձագիտական համայնքի» կողմից արվող մի շարք ավանդական պնդումներն ու շահարկումները:
Վավերագրական ֆիլմի անգլերեն թարգմանությունն արդեն արձանագրել է աննախադեպ հետաքրքրություն միջազգային հանրության կողմից: Շուրջ մեկ շաբաթվա ընթացքում ֆիլմն ունեցավ ավելի քան 100.000 դիտում YouTube-ում:
GlobalHye տեղեկատվական ծառայության օպերացիոն տնօրեն Միրո Խանզադյանը, ով բնակվում է Լոս Անջելեսում, այն բազմաթիվներից մեկն էր, ով տարածեց ֆիլմը միջազգային հանրության շրջանում: «Երբ մենք՝ հայերս, որպես ժողովուրդ միավորվում ենք ընդդեմ անարդարության, մենք հաղթում ենք: Պատմության ողջ ընթացքում, երբ հայ ժողովուրդը միասնական է եղել, կարճ ժամանակում կարողացել է հասնել հաղթանակի՝ թշնամու համեմատ ավելի քիչ ռեսուրսներ ունենալով: Որովհետև պատմությունը մեր կողմից է», - Panorama.am-ին ասել է Խանզադյանը:
Խանզադյանի խոսքերով, GlobalHye տեղեկատվական ծառայության նպատակն է տեղեկացնել, կրթել և մոտիվացնել հնարավորինս մեծ թվով հայերի՝ գլոբալ էլեկտրոնային փոստի բազայի միջոցով:
Ֆիլմում ներկայացրած փաստերն ու թվերը հավաքագրվել են արխիվային նյութերից՝ վերցված տարաբնույթ, այդ թվում ադրբեջանական աղբյուրներից. ֆիլմում Ստեփանակերտի բնակիչները և Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորներն ու սպաները պատմում են մայրաքաղաքի շրջափակման և այն ճեղքելու համար իրականացված օպերացիայի մանրամասների մասին:
Ֆիլմը հարուստ է նախկինում չհրապարակված փաստերով. այն նաև ներառում է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի բացառիկ հարցազրույցը, որտեղ վերջինս պնդում է, որ Խոջալուի ողբերգությունը շահարկվել է նրան պաշտոնանկ անելու նպատակով:
Ընդհանուր առմամբ, ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է Ալիևների ռեժիմը քայլ առ քայլ չեզոքացրել իր քաղաքական մրցակիցներին և իշխանության է եկել Ադրբեջանում, որտեղ արդեն երկու տասնամյակ շարունակ լռեցնում է բոլոր այն համարձակ անհատներին, ովքեր հանդգնում են ասել ճշմարտությունը Խոջալու գյուղի և Աղդամի շրջակայքում տեղի ունեցած դեպքերի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան