Էշթոնը և Ֆյուլեն ողջունել են ընտրությունները միջազգային չափորոշիչներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների ջանքերը
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ գլխավոր հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր հայտարարություն են տարածել, որով ի գիտություն են ընդունել հայաստանյան ընտրությունների արդյունքները և ողջունել են դրանց վերաբերյալ նախնական դիտարկումների ու եզրահանգումների մասին միջազգային դիտորդական առաքելության հայտարարությունը:
«Մենք նաև ողջունում ենք իշխանությունների գործադրած ջանքերը Հայաստանի նախագահի ընտրությունները միջազգային չափորոշիչներին համապատասխան անցկացնելու գործում, մասնավորապես, ընտրական գործընթացի վարչական կարգավորումը բարելավելու, թեկնածուների համար իրենց քարոզարշավն ազատ անցկացնելու համար հնարավորություններ ապահովելու և ընտրացուցակների որակը բարելավելու հարցում:
Միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ մի շարք ակնառու մտահոգություններ ապագայում համապատասխան գնահատականներ կստանան, ներառյալ հանրային ծառաողների ներգրավվածության մասին տեղեկությունները, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ պնդումները, քարոզարշավի ֆինանսավորման դրույթների անորոշ մեկնաբանությունները, ճնշումներն ընտրողների վրա: Մենք նաև խրախուսում ենք Հայաստանի իշխանությունների կողմից ընտրությունները կարգավորող օրենսդրության` 2012 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հանձնարարականներին համապատասխան, ընդգրկուն և թափանցիկ փոփոխություններ ձեռնարկելու գործընթացը», ասված է ԵՄ պաշտոնյաների հայտարարության մեջ:
Նախորդիվ` Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականները
Առաջընթաց, բարելավում, ազատությունների ընդլայնում: Եվրոպացի դիտորդները հայաստանյան ընտրությունների մասին