Բ.Սահակյան. 1988-ի շարժման հիմքում ընկած էր մեր ժողովրդի պայքարը
Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ի ամյակի կապակցությամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել ուղերձով.
«25 տարի առաջ այս օրը շրջադարձային եղավ Արցախի և ողջ հայ ժողովրդի համար: Մենք ազգովի ոտքի ելանք միջազգային հիմնարար նորմերին ու սկզբունքներին համահունչ խաղաղ և օրինական պահանջով` վերականգնելու պատմական արդարությունը, պաշտպանելու մեր ոտնահարված արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները:
1988-ի շարժման հիմքում ընկած էր մեր ժողովրդի պայքարը` օտար լծի, մոտ յոթ տասնամյակների ընթացքում չդադարող բռնությունների և ճնշումների դեմ: Չնայած այդ ամենին, ազգային-ազատագրական այս պոռթկումը չէր սերմանում թշնամանք ու ազգային ատելություն հարևան ժողովրդի հանդեպ: Բայց Ադրբեջանը մեր քաղաքակիրթ պահանջներին ու խաղաղ ցույցերին պատասխանեց կոտորածներով, ջարդերով, տեղահանումներով ու հալածանքներով: Կրկին փորձ արվեց հայկական հարցը լուծել արդեն իսկ փորձարկված մեթոդով` ցեղասպանությամբ:
Սակայն այս անգամ այդ հրեշավոր քաղաքականությունը դատապարտված էր ձախողման: Համայն հայությունը միավորվեց ու բռունցքվեց` ի պաշտպանություն Արցախի, հայրենի երկրի ու ժողովրդի, նրա պատվի ու հուսալի ապագայի: Հայ ազգի լավագույն զավակների արյան գնով, սխրանքների և անձնվիրության շնորհիվ մենք կարողացանք ոչ միայն պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը, այլ նաև արժանի հակահարված տալ թշնամուն` խաղաղություն և կայունություն հաստատելով ողջ տարածաշրջանում: Հա~վերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:
Սիրելի հայրենակիցներ,
Անդրադարձ կատարելով 25 տարվա մեր անցած ճանապարհին` կարող ենք պատվով ու հպարտությամբ արձանագրել, որ կյանքի կոչելով 88-ի գաղափարները, հայ ժողովուրդը վերականգնել է իր պետականությունը, և այսօր Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ ինքն է տնօրինում իր ճակատագիրը, անսասան պահում հայրենի երկրի սահմանները, շենացնում պապերի հողն ու վառ պահում հարազատ օջախի կրակը:
Մենք այսուհետ էլ ազգովի կանենք ամեն ինչ այսքան թանկ գնով նվաճած մեր անկախ պետականության շարունակական ամրապնդման համար: Դա բացառիկ արժեք է, առանց որի անհնար է պատկերացնել հայրենիքի ու ժողովրդի հարատեւումն ու զորացումը:
Թանկագին արցախցիներ,
Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Հայաստանի և Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին այս մեծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն և մեծագույն հաջողություններ»,- մասնավորապես ասված է ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին