Նոր զարգացումներ «գոմեշի մսի» գործով. Կա ձերբակալված պաշտոնյա
Հայաստանի պաշտպանության ուժերի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, մեր տեղեկություններով, ձերբակալվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա:
Հիշեցնենք, որ փաստը հայտնաբերվել էր «Հետք» էլեկտրոնային կայքում տպագրված հոդվածի հետքերով և քրեական գործը հարուցվել էր այս տարվա հունիսին` բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա: Հենց այդ ժամանակ էր, որ աշխատանքից ազատվեց ՊՆ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը: Այնուհետև աշխատանքից ազատվել է նաև Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վարդան Թունյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Panorama.am-ը, այս քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի սկզբին մեղադրանք էր առաջադրվել և այժմ կալանավորված է Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, հենց Կապանի մսի կոմբինատն է բանակ մսի մատակարարը: Օհանջանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»:
Նշենք, որ Օհանջանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Գոմեշի մսի գործ». Հարցաքննվե՞լ է Արշալույս Փայտյանը