Ի՞նչն էր պատճառը. Էջմիածնի դպրոցում երեխայի հետ կատարվածից հետո ԿԳՆ պաշտոնյայի մոտ հարցեր են առաջացել
Կրթության, գիտության նախարարության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի համար տարօրինակ է` ինչո՞ւ են Էջմիածնի թիվ 4 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու բուժքույրն այդքան անտարբեր եղել երեխայի նկատմամբ ու առաջին բուժօգնություն չեն տրամադրել:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Հովհաննիսյանն ասաց, որ մարզպետարանի համապատասխան աշխատանքային խումբը կայցելի դպրոց, կխոսի ուսուցիչների ու տնօրենի հետ և նոր միայն կարող են հասկանալ կատարվածի իրական պատկերը: Բայց մինչ այդ նրան մի քանի հարցեր են տանջել:
Նրա խոսքով, նախ պետք է պարզել` ինչո՞ւ ֆիզկուլտուրայի ուսուցիչը չլսեց երեխային ու պարտադրեց նրան թռչել այծիկի վրայով: «Այծիկի վրայից թռնելը դժվար գործ է, մարդիկ դպրոցն ավարտում են այդպես էլ այծիկի վրայով չթռչելով», -ասում է վարչության պետը:
Մյուս հարցը, որ հետաքրքրում է տիկին Հովհաննիսյանին, այն է, թե ինչո՞ւ է դպրոցի բուժքույրը թերացել և ձեռքին նայելով չի հասկացել դրա վտանգավորությունը: «Ինչո՞ւ շտապօգնություն չեն կանչել», -հռետորական հարց է հնչեցնում նա:
Եվ վերջապես, հաջորդ խնդիրը, որ մտահոգել է ԿԳՆ պաշտոնյային այն է, թե ինչո՞ւ է դպրոցի տնօրենը այդպես կոպտել երեխայի հարազատներին, երբ ասել է, թե կարող են դպրոցից տանել երեխային: «Այդպիսի դեպքերում զիջում են, իհարկե, որովհետև երեխան թևն է կոտրել, ծանր վնասվածք է ստացել, ինչո՞ւ է կոպտում», -նշում է Նարինե Հովհաննիսյանը:
Նա վստահ է, որ կատարվածի մեղավորները ինչ-որ պատասխան կստանան:
Էջմիածնի այս դպրոցը, որը գտնվում է Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ, ասում են` լավագույնն է: Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը Panorama.am-ին ասաց, որ մարզպետարանի աշխատակիցները վաղը կգնան դպրոց և կխոսեն ֆիզկուլտուրայի ուսուցչի, դասղեկի, դպրոցի տնօրենի ու երեխայի հարազատների հետ: «Պետք է հասկանանք` ինչ անտարբերության հետևանք է եղել: Ես այս պահին ոչինչ չեմ կարող ասել. Պետք է երկու կողմին լսեմ նոր միայն խոսեմ», -հավելեց տիկին Սայադյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր կատարվածին և տեղեկացրել, որ թիվ 4 միջնակարգ դպրոցի աշակերտուհի 12-ամյա Մարիամ Ասլանյանը ֆիզկուլտուրայի ժամին «այծիկի» վրայից թռչելով ընկել էր, կոտրել թևը և ծանր վիրահատության ենթարկվել:
Մարիամի մորաքույրը մեզ պատմել էր, որ երեխային առաջին օգնություն ցուցաբերվել էր ընդամենը թևին թրջոց դնելով, որից հետո թիվ 4 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հրանտ Գալստյանը, այնուհետև` 4-րդ դասարանի դասղեկ Անի Մկրտչյանը շարունակել էին դասը:
«Երեխային հիվանդանոց տեղափոխելու փոխարեն, նստեցնում են պատահական տաքսի ու ուղարկում են տուն: Երեխեն հասել է տուն, տաքսուց իջել է ու ուշագնաց եղել»,- մեզ պատմել էր մորաքույրը` նշելով, որ տանը նայելով ձեռքի ուռածությանը հասկացել են, որ կոտրվածք է: Անմիջապես տեղափոխել են պոլիկլինիկա, հետազոտել են և ասել են, որ պետք է վիրահատել: Էջմիածնի բժիշկները, Հայկուշ Ասլանյանի խոսքով, հրաժարվել են վիրահատել ու երեխային ուղեգրել են Սբ. Աստվածամայր մանկական բժշկական կենտրոն: Երեկ երեկոյան երեխան մեկ ժամ ծանր վիրահատության էր ենթարկվել: Մորաքրոջ խոսքով, կոտրվել է 12-ամյա Մարիամի ձեռքի արմունկը և որոշ հյուսվածնքեր են վնասվել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են