Չեխիայի արտգործնախարարությունը զարմանք է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ-ի գործելաոճի առնչությամբ
Չեխիայի արտգործնախարարությանը տհաճություն և զարմանք է պատճառել այն հանգամանքը, որ Ադրբեջանի արտգործնախարությունը Չեխիայի խորհրդարանական հանձնաժողովի կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ բանաձևի մասին հաղորդագրություն է տարածել ավելի շուտ, քան խորհրդարանական այդ հանձնաժողովը կհասցներ հանրայնացնել բանաձևի բովանդակությունը: Այս մասին ասված է Չեխիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հաղորդել էին, թե Չեխիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը ԼՂ հակամարտութան վերաբերյալ ադրբեջանամետ փաստթուղթ է ընդունել:
«Չեխիայի Արտաքին գործերի նախարարությունը ներգրավված չի եղել երկրի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ բանաձևի նախապատրաստման աշխատանքներին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Չեխիայի Հանրապետության դիրքորոշումը փոփոխություն չի կրել: Հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Չեխիան սատարում է միջազգային հանրության, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և վարում է փոխադարձ բարեկամական և փոխշահավետ հարաբերություններ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ», - ասված է հաղորդագրությունում: