ՄԻՊ. «Գալա» հեռուստաընկերությունը դեռևս չի վստահում Ոստիկանությանը
Այսօր Օմբուդսմենի Շիրակի տարածքային գրասենյակի ներկայացուցիչները այցելել են «Գալա» հեռուստաընկերության Գյումրու գրասենյակ, որտեղ հանդիպել են հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Վահան Խաչատրյանի հետ։
Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
«Ինչպես արդեն նշվել էր Պաշտպանի հայտարարության մեջ, ի թիվս այլ խնդիրների, Պաշտպանը մտահոգված էր ընտրությունների օրը «Գալա» հեռուստաընկերության կայքի խափանման համար։
Օմբուդսմենի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ «Գալա» հեռուստաընկերության սեփականատերը հրաժարվել է դիմում ներկայացնել Պաշտպանին՝ պատճառաբանելով, որ չի վստահում Ոստիկանությանը և կասկածում է, որ կպատժվեն այն անձինք, որոնք խափանել են լրատվամիջոցի բնականոն աշխատանքը։
Պաշտպանի աշխատակազմն այժմ ամփոփում և վերլուծում է նախագահի ընտրությունների վերաբերյալ ստացված 253 ահազանգերը, որոնցից առանձնացվում են գոնե առերևույթ հիմնավոր ահազանգերը: Առերևույթ հիմնավոր ահազանգերի վերաբերյալ Պաշտպանը պատրաստում է գրություն ՀՀ Ոստիկանապետին։
Նպատակ ունենալով եղած ահազանգերի մանրազնին ուսումնասիրության արդյունքում վեր հանել և հանրությանը ներկայացնել ընտրախախտումների իրական պատկերը, ինչպես նաև նպաստել բոլոր հանցագործությունների բացահայտմանը՝ Պաշտպանը պատրաստ է գործակցել բոլոր պետական ու հասարակական կառույցների, ինչպես նաև առանձին անհատների հետ: Հուսանք, որ առաջիկա օրերին և շաբաթներին Ոստիկանության գերլարված, ակտիվ և օբյեկտիվ աշխատանքի արդյունքում հնարավորինս կփարատվի ոստիկանության հանդեպ եղած «Գալա» հեռուստաընկերության և այլ առանձին անձանց անվստահությունը, իսկ բոլոր կառույցներն ու անհատները կաջակցեն այդ աշխատանքին»,-ասված է Պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան