Անդրիաս Ղուկասյան. Ունենք ընդամենը երեք օր
«Փետրվարի 25-ն ջրբաժան օր է: Մինչև այդ պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ռեժիմը հարկադրված լինի ճանաչել ընտրություններն անվավեր կամ եթե Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվի հիմնավորել իր հաղթանակը, ճանաչել այն: Ունենք ընդամենը երեք օր. պետք է ամեն ինչ անենք մոբիլիզացնել և հանրությանը, և քաղաքական ուժերին»,- «Սիվիլնեթի» ուղիղ եթերում հայտարարեց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Նա վաղը փորձելու է հանդիպել Ր. Հովհաննիսյնաի հետ, քանի որ այսօր ֆիզիկապես ի վիճակի չէ ու, ըստ նրա, միգուցե հնարավոր լինի ընդհանուր պլատֆորմ ստեղծելու շուրջ համաձայնության գալ:
Ր. Հովհաննիսյանը, նրա դիտարկմամբ, այսօր իր վրա մեծ պատասխանատվություն է կրում, քանի որ պետք է այնպես անի, որ իրեն ձայն տված կես միլիոնից ավելի քաղաքացիներին չհիասթափեցնի, չկոտրի նրանց ողնաշարը: «Րաֆֆի Հովհաննիսյանը սիմվոլ է որոշակի այլ քաղաքական մշակույթի: Րաֆֆին նոր քաղաքական մշակույթ է բերում»,- ասում է քաղաքագետ թեկնածուն:
Նախագահի թեկնածուն, ով նախագահական ընտրություններում հավաքել էր 8328 ձայն (0.57%) համոզված է, որ մեր երկրում անհրաժեշտ է նոր սահմանադրություն. «Սահմանադրական ժողով գումարելը կարևոր քաղաքական խնդիր է, որ կարող է միավորել բոլորին»:
Ա. Ղուկասյանը հանդես է եկել նաև հայտարարությամբ.
«Ընտրություններ 2013. Ծրագիր ՀՀ Նախագահի համար
Հայրենակիցնե′ր,
Փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունը ի զորու չէ իրականացնել Հայաստանում ազատ և արդար ընտրություններ: Ակնհայտ դարձավ, որ Հանրապետական կուսակցությունը այլևս սպառել է իր բոլոր քաղաքական հնարավորությունները օրենքով կառավարելու համար։
Քվեարկության ժամանակ կես միլիոնից ավել քաղաքացիներ ընդվզեցին իշխող ռեժիմի դեմ։ Եկել է այն վճռորոշ պահը, երբ ժողովուրդն արդեն ինքուրույն պետք է որոշի երկրի քաղաքական ապագան:
Քաղաքացիների և քաղաքական ուժերի միավորումը կարող է ձևավորել Ազգային Անցումային Խորհուրդ, որն իր վրա կվերցնի երկրում ազատ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը։ Հանուն մեր Հայրենիքի կոչ եմ անում միավորվել և թույլ չտալ որևէ մեկին հերթական անգամ տապալել ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարական և օրինական Հայաստան»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան