«Ենի Մուսավաթ». Աքրամ Այլիսլիին իր վեպի պատճառով հարկավոր էր խելագար հայտարարել
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր թերթը հայերի ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» վեպի մասին սկանդալային նյութ է հրապարակել, որը համացանցում մնալով ընդամենը մի քանի ժամ, մի նոր աղմուկի պատճառ է դարձել և հանվել է կայքից:
«Նման խորը հոգեբանական ճնշումների տակ հայտնված Այլիսլին կկարողանա՞արդյոք ապրել Ադրբեջանում, հանգիստ զբոսնել քաղաքում կամ այցելել իր հայրենի Այլիս»,-հարցադրում է թերթը և նշում, որ նման քարոզչությամբ իշխանությունը և ժողովրդին, և իրեն դժվարին դրության մեջ է գցել՝ ինչպես աշխարհի, այնպես էլ հայերի առաջ:
Նյութում նշվում է, որ Այլիսլիի հարցում իշխանությունը երկու լուրջ սխալ է թույլ տվել: Նախ, իշխանությունը պետք է հանգիստ կերպով գրողին կանչեր և հասկացներ, որ նա սխալ ուղու վրա է: «Պետության անունից հեղինակին խիստ տոնով պետք էր համոզել հրաժարվել ստեղծագործությունից: Զարմանալի է, թե ինչպես է կարողացել նման վնասակար մտածողությամբ «ստեղծագործ մարդը» դուրս մնալ պետության ուշադրությունից: Չէ որ սա այն կառավարությունն է, որը վերահսկում է ընդդիմադիրների նույնիսկ անձնական գրառումները: Սա Այլիսլիի հարցում իշխանության հիմնական սխալն է»,-գրում է թերթը:
Ադրբեջանի իշխանության երկրորդ «լուրջ սխալը», ըստ հրապարակված հոդվածի, կայանում է նրանում, որ իշխանությունը պետք է տվյալ ստեղծագործությունը վնասակար հայտարարեր. կարևոր էր ուռճացնել գրողի հոգեբանական վիճակը: «Իշխանությունը պետք է տրամաբանորեն գործեր և, անկախ բժշկական հանձնաժողով ստեղծելով, կարծիք ձևավորեր Այլիսլիի հոգեբանական վիճակի վերաբերյալ… Գուցե դեռ ուշ չէ…»,- գրում է թերթը:
«Բիզիմ յոլ» թերթը այս ամենի հետ կապված նշում է, որ նյութը նույն օրը հանվել է կայքից, իսկ գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն հայտարարել է, թե այդ հոդվածը չի արտահայտում խմբագրության ընդհանուր կարծիքը:
«Բիզիմ յոլ» թերթը մեջբերել է նաև գրող Սեյմուր Բայջանի արձագանքը «Ենի Մուսավաթ»-ի այդ հոդվածի վերաբերյալ.
«Իրականում Այլիսլիի նկատմամբ հալածանքները սկսել են ոչ թե «Քարե երազներ» վեպի, այլ նրա «Փառահեղ խցանում» վեպի պատճառով: Մի մասն ասում է, թե այդ հալածանքները սկսվել են ուշադրությունը շեղելու նպատակով, մյուսները պնդում են, թե դա արվել է ադրբեջանցիներին աշխարհում որպես վայրենի ներկայացնելու համար, ովքեր գրքեր են այրում, գրողի ականջն են կտրում: Դրանով ուզում են ցույց տալ, որ «այս ժողովրդին ժողովրդավարություն հարկավոր չէ», այլ «ուժեղ ձեռք է պետք»: Ամեն ինչ էլ կարող է լինել: Իսկ ինչ վերաբերվում է «Ենի Մուսավաթ» թերթի այդ հոդվածին, ապա այնպես է ստացվում, որ սրանից հետո որևէ մեկի անցանկալի հոդվածի համար կարող են հանձնաժողով ստեղծել, նրան խելագար հայտարարել և փակել հարցը»,- նշել է Սեյմուր Բայջանը:
Հիշեցնենք, որ «Քարե երազներ» գրքում, որը տպագրվել էր դեռևս 2012 թ-ի դեկտեմբեր ամսին «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում, Աքրամ Այլիսլին ականատեսների վկայությամբ վերարտադրում է Ադրբեջանի ԽՍՀ տարածքում հայաբնակ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների կողմից 1919թ-ին, ինչպես նաև 1988-90 թթ-ին իրականացված վայրագությունները:
Վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական հասարակական և քաղաքական շրջանակները նախադեպը չունեցող արշավ են սկսել գրողի նկատմամբ, նրան մեղադրելով «ադրբեջանցիներին և թուրքերին խայտառակող ու նսեմացնող» գիրք գրելու, «դավաճանության», «սադրանքի» և այլ հանցագործությունների մեջ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ գրողին զրկել են պատվավոր կոչումից ու նախագահական կրթաթոշակից: Աքրամ Այլիսլին վերջին հարցազրույցներում չէր բացառել իր՝ երկրից հեռանալու հավանականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին