Բորիս Նավասարդյան. Սահմանադրությանը չհակասող միակ պահանջը՝ նոր ընտրություններ
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պահանջներին, Facebook սոցիալական ցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ: Դրա մեջ, մասնավորապես, նշված է.
«Եկեք իրատեսորեն գնահատենք իրավիճակը: Ս. Սարգսյանը նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում իրավունք չունի փետրվարի 21-ին ժ. 14.00-ին իշխանություն հանձնել որեւե մեկին,անգամ Ր. Հովհաննիսյանին: Նա կարող է հրաժարվել պաշտոնից, նախագահի պաշտոնակատար կդառնա Հ. Աբրահամյանը եւ կնշանակվեն նոր ընտրություններ: Մյուս տարբերակը ձայների վերահաշվարկն է, որը կարող է շտկում մտցնել ձայների բախշման մեջ: Եւ եթե շտկումներն այն մասշտաբի են (13-14%), որ փոխվում է հաղթողը, ընտրությունները պետք է չեղյալ համարվեն, եւ ՝ տես վերեւում: Այլ տարբերակ, որը չի հակասելու Սահմանադրությանը եւ օրենքներին, կարծես, չկա: Ուրեմն միակ արդար պահանջը՝ ի վերջո, նոր ընտրությունների պահանջն է: Մնացած տարբերակները հեղաշրջման կամ քաղաքական առեւտրի ոլորտներից են»: