Բուդապեշտում հարգել են Գուրգեն Մարգարյանի հիշատակը
Բուդապեշտում՝ Դանուբ գետի ափին գտնվող հայկական խաչքարի մոտ, Հունգարիայի հայ համայնքը իր հարգանքի տուրքն է մատուցել հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Այս մասին հայտնում է www.armenians.hu կայքի լրագրող Արև Լալայանը, հիշեցնելով, որ Մարգարյանն ինը տարի առաջ Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ դաժանաբար սպանվել էր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից, ինչի համար էլ 2012 թվականին վերջինս ստացավ հերոսի կոչում իր հայրենիքում՝ Ադրբեջանում:
2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, քնած ժամանակ դաժանաբար կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Հանցագործը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն էր: Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել էր: Նրանք երկուսն էլ մեկնել էին Հունգարիա սովորելու՝ մասնավորապես մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին:
Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է, որ նույն հարկում ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում ադրբեջանցին: Գուրգենի ու ադրբեջանցու, և ընդհանրապես խմբի անդամների միջև որևէ անգամ կոնֆլիկտ չի եղել: Հունգարացու պատմելով` միջազգային հակամարտության թեման քննարկվել էր միայն մեկ անգամ՝ առաջին օրը, դրանից հետո ոչ ոք այդ մասին ոչինչ չի ասել:
Բալաշը պատմել է նաև, որ փետրվարի 18-ի երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը: Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը: Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ:
«Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,-պատմել է հունգարացին:
Նախորդող հրապարակում`
Այսօր լրանում է ադրբեջանցի մարդասպանի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 9-րդ տարելիցը
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին