Էջմիածնի դպրոցում «այծիկի» վրայից վայր ընկած երեխային հնարավոր է հանեն դպրոցից
Էջմիածնի թիվ 4 միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամին «այծիկի» վրայից թռչելու ընթացքում վայր ընկած 12-ամյա Մարիամ Ասլանյանն այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, տանն է, բայց ամեն օր պետք է գա Երևան` հիվանդանոց ու բուժզննում անցնի: Նա շուրջ քսան օր չի հաճախի դպրոց:
Երեխայի հետ կատարված ծանր դեպքից հետո այսօր դպրոցի տնօրենի, Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետի ու երեխայի մորաքրոջ միջև հանդիպում է տեղի ունեցել:
Հիշեցնենք` թիվ 4 միջնակարգ դպրոցի աշակերտուհի 12-ամյա Մարիամ Ասլանյանը ֆիզկուլտուրայի ժամին «այծիկի» վրայից թռչելով ընկել էր, կոտրել թևը և ծանր վիրահատության ենթարկվել: Մարիամի մորաքույրը մեզ պատմել էր, որ երեխային առաջին օգնություն ցուցաբերվել էր ընդամենը թևին թրջոց դնելով, որից հետո թիվ 4 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հրանտ Գալստյանը, այնուհետև` 7-րդ դասարանի դասղեկ Անի Մկրտչյանը շարունակել էին դասը: «Երեխային հիվանդանոց տեղափոխելու փոխարեն, նստեցնում են պատահական տաքսի ու ուղարկում են տուն: Երեխեն հասել է տուն, տաքսուց իջել է ու ուշագնաց եղել»,- մեզ պատմել էր մորաքույրը` նշելով, որ տանը նայելով ձեռքի ուռածությանը հասկացել են, որ կոտրվածք է: Անմիջապես տեղափոխել են պոլիկլինիկա, հետազոտել են և ասել են, որ պետք է վիրահատել: Էջմիածնի բժիշկները, Հայկուշ Ասլանյանի խոսքով, հրաժարվել են վիրահատել ու երեխային ուղեգրել են Սբ. Աստվածամայր մանկական բժշկական կենտրոն: Երեկ երեկոյան երեխան մեկ ժամ ծանր վիրահատության էր ենթարկվել: Մորաքրոջ խոսքով, կոտրվել է 12-ամյա Մարիամի ձեռքի արմունկը և որոշ հյուսվածնքեր են վնասվել:
12-ամյա Մարիամի մորաքույր Հայկուշ Ասլանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ դպրոցում այսօրվա հանդիպումը մի փոքր թեժ է եղել և արդյունքում որևէ բան չի փոխվել: «Տնօրենը հայտարարեց, թե ինքն այլևս այս դպրոցում չի աշխատի ու թողեց գնաց: Հետո իմացա, որ մարզպետի մոտ է գնացել: Չգիտեմ այնուհետև ինչ է որոշվել», -մեզ հետ զրույցում փոխանցեց երեխայի մորաքույրը:
Նա ասում է, որ իր համար անակնկալ էր տնօրենի նման որոշումը և ինքը դեմ չէր լինի, որ հաշտվեին: «Իսկապես, չեմ ուզում որ տնօրենը թողնի գնա, ինձ համար անակնկալ էր, որ դուռը բացեց, հայտարարեց, որ ինքն այլևս այդտեղ չի աշխատելու ու թողեց գնաց», -ասում է մորաքույրը: Նրա ցանկությունը ոչ թե ինչ-որ մեկին պատժելն է, այլ անտարբերությունը վերացնելը:
«Այսօր մենք սարսափելի բան ենք իմացել. երեխան, երբ ամեն ինչից հետո արդեն ուշքի էր եկել, ասում է, որ ոչ թե ուսուցչուհին է իրեն տաքսիով ուղարկել, այլ դասընկերուհիները, տաքսու գումարն էլ ինքն է տվել: Դասղեկի ֆունկցիան միայն տաքսի կանչելն է եղել: Ես այս անտարբերության ու անփութության համար էի պայքարում, որ մեր երեխայի հետ եղավ, մյուսի հետ չլինի», -ասում է Հայկուշ Ասլանյանը:
Մորաքույրը մտավախություն ունի, որ բուժվելուց հետո, երբ երեխան գնա դպրոց, «հաշվեհարդար» կլինեն երեխայի նկատմամբ: «Հիմա մենք մտածում ենք, որ ժամանակ անցնի, բուժումն ստանա, հետո կորոշենք` փոխե՞լ դպրոցը, թե՞ ոչ», - նշեց մորաքույրը` հավանական համարելով դպրոցը փոխելու հնարավորությունը:
Panorama.am-ը զրուցեց նաև Արմավիրի մարզի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանի հետ, որը սակայն, մարզպետի և տնօրենի միջև տեղի ունեցած հանդիպման մասին ոչինչ չասաց: Միայն նշեց, որ կողմերը հաշտվել են, իսկ դպրոցի աշխատողներից որևէ մեկին նկատողություն հայտարարելու կամ պատժելու մասին որոշումը կկայացնի տնօրենը: «Տնօրենը շատ հուզված էր, որովհետև նման բան չէր սպասում, նա շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվել, նրան ճիշտ հասկացեք» ասաց տիկին Սայադյանը` ընդգծելով, որ Էջմիածնի թիվ 4 դպրոցը լավագույն դպրոցներից է ինքը համարում:
Նախորդող հրապարակում. Էջմիածնում ֆիզկուլտի ուսուցիչը ստիպել է երեխային «այծիկ» թռնել. երեխան այժմ սթրեսի մեջ է
Ի՞նչն էր պատճառը. Էջմիածնի դպրոցում երեխայի հետ կատարվածից հետո ԿԳՆ պաշտոնյայի մոտ հարցեր են առաջացել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները