Պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու որոշումը կվերապահվի Աժ Էթիկայի հանձնաժողովին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, օրենքի նախագծի նպատակն է մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին որոշման կայացումը ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովին վերապահելը:
Այս գործառույթի վերապահումը Էթիկայի հանձնաժողովին պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է անկախ և անկողմնակալ մարմին, որում ներկայացված են Ազգային ժողովում առկա բոլոր քաղաքական ուժերը: Հենց այս հանգամանք էլ ապահովում է Էթիկայի հանձնաժողովի կողմից հիմնավորված և անկողմնակալ որոշումների կայացումը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել են Աժ պատգամավորներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը:
Հ.Թովմասյանն ասաց, որ ներկայացված օրենքի նախագիծը խմբագրման կարիք ունի: Խմբագրելուց հետո այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: