«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի օրակարգում է ՏՏ զարգացման հայեցակարգում անհրաժեշտ փոփոխությունների քննարկումը
Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի ձեռնարկությունների ղեկավարները, տեխնոլոգիական և նորարարական ոլորտների հետագա զարգացման խնդիրները քննարկելու նպատակով, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը փետրվարի 23-24-ը Աղվերանում կկազմակերպի «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը:
ՒՏՁՄ-ից հայտնում են, որ ֆորումի օրակարգում ներառված են հետևյալ թեմաները` ՏՏ զարգացման հայեցակարգում անհրաժեշտ փոփոխությունների քննարկում, էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը` որպես տնտեսության զարգացման խթան, նորարարական ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզ, ՏՏ զարգացման հայեցակարգի կատարողականը:
Ֆորումին կմասնակցեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՏՏ վարչության համակարգչային ծրագրային մշակման և ապահովման բաժնի պետ Անահիտ Դիլանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՎՍՀԸ վարչության անուղղակի հարկերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Սարգիս Դեղոյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհրդի քարտուղարության պետ Արմեն Գրիգորյանը և ՏՀՏ ոլորտի ընկերությունների, պետական այլ մարմինների շուրջ 30 ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Համատեղ քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները կներկայացվեն ՀՀ կառավարություն: Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:
Նշենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից: Միջոցառման նպատակն է մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները: