Ըստ Մարտիրոսյանի, Ազատության հրապարակում սադրանքի փորձ կատարվեց
Քիչ առաջ Ազատության հրապարակի հարթակում մի քանի երիտասարդ ակտիվիստներ պահանջեցին Արմեն Մարտիրոսյանից հրապարակավ բացատրել, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու գնաց ՀՀ նախագահի նստավայր` Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Դրան ի պատասխան «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բարձրախոսով հայտարարեց, որ փորձ է արվում սադրիչ գործողություններ իրականցնել: Հետևելով նրա հայտարարությանը` ոստիկանության աշխատակիցները բեմից դուրս հրավիրեցին ակտիվիստներին: Կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանից ակտիվիստներից Կարեն Հարությունյանը պահանջեց պարզաբանումներ տալ Մարտիրոսյանի հայտարարության վերաբերյալ: Սաֆարյանը նշեց, որ «Ժառանգությունը» բեմահարթակից հայտարարել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի թիմից դուրս որևէ հայտարարություն կդիտարկվի սադրանք, և քաղաքացիական այս նախաձեռնությունը չի կիսում «Ժառանգության» տեսակետը:
Լրագրողներին Ս. Սաֆարյանը հայտնեց, որ մինչև նախագահական հասնելը, Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդակցել է հանրահավաքի մասնակիցների հետ, և այդ որոշումը բխում էր հենց ժողովրդի շահերից: Հարցին, թե ինչու Հովհաննիսյանը գնաց բանակցելու, Սաֆարյանն ասաց. «Մեր երկիրն այժմ հայտնվել է փակուղու առջև, մենք փորձում ենք ելք գտնել այդ փակուղուց: Ինչպես քարոզարշավի ժամանակ ասել է Հովհաննիսյանը, այս ընտրությունները պետք է տարբերվեն նախորդներից: Մենք չպետք է կրկնենք նախորդ սխալները, պետք է ելքեր գտնենք ցանկացած փակուղային վիճակներում»: