«Մեր մայրենի լեզուն ազգային պարտեզի վարդն է». Այսօր Մայրենիի տոնն է
«Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց»,- ժամանակին ասել է գրող, ակադեմիկոս Ստեփան Զորյանը:
Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է մայրենի լեզվի օր: Այս կապակցությամբ Հայաստանի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ 2005-ին փոփոխություն մտցվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, և ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց որպես Մայրենի լեզվի օր:
Լեզուն յուրաքանչյուր ազգի համար այն կարևորագույն «զենքն» է, որը պետք է պահպանվի յուրաքանչյուր մարդու կողմից որպես սրբություն, որպես մասունք: Լեզուն ազգի պահպանման ամենակարևոր գրավականն է, քանի որ «Լեզվի մահն արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը» (Գարեգին Նժդեհ):
«Մեր մայրենի լեզուն ազգային վարձն է, ազգային պարտեզի վարդն է: Առանց նրա մենք չունենք հրապույր, առանց մայրենի լեզվի մենք համարյա մահացած ենք»,- ասել է դերասանուհի Սիրանուշը: