Մհեր Սեդրակյանը էթիկա է խախտել. Հանձնաժողովը որոշում է կայացրել (տեսանյութ)
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում որոշել է, որ ԱԺ Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, կամ նույն ինքը` Թոխմախի Մհերը խախտել է պատգամավորական էթիկան` վիրավորելով «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին: Լրագրողը Panorama.am-ին ասաց, որ ինքն Էթիկայի հանձնաժողովից սպասում էր էդպիսի որոշման:
Փետրվարի 25-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյա նիստում Էթիկայի հանձնաժողովի նախագահը կներկայացնի հանձնաժողովի եզրակացությունը այդ հարցի վերաբերյալ:
Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Ազգային Ժողովում, երբ քննարկվում էր Էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ հարցը իրեն նույն թեմայի վերաբերյալ հարց տալու նպատակով մոտեցած «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպառնացել է՝ ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Լրագրողից հրապարակավ իրենց կուսակից պատգամավորի փոխարեն ներողություն են խնդրել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Պատգամավորի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԱԺ Էթիկայի հանձնաժողովին դիմում էր ներկայացրել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը: