ANCA. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կից Ազգային անվտանգության խորհրդին՝ նախքան Բաքվի հեղինակած հակահայկական և հակաարցախյան խնդրագրերին պատասխանելը, ուսումնասիրել և հրապարակայնորեն տեղեկացնել, որ Սպիտակ տան We the People համակարգն օտարերկրյա կիբերխարդախության փորձերից պաշտպանված է։ Այս մասին է հաղորդում ANCA-ի պաշտոնական կայքը։
«Ելնելով այն հանգամանքից, որ We the People-ն ԱՄՆ-ի քաղաքացիների համար կառավարության հետ երկխոսության հարցում անչափ կարևոր է՝ Սպիտակ տունը, նախքան որևէ խնդրագրի պատասխանելը, պետք է հրապարակայնորեն լուծի կիբերխարդախությունների խնդիրը»,- այս մասին Բ. Օբամայի հատուկ օգնական Էլիզաբեթ Շերվուդ Ռենդալին ուղղված նամակում նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նշենք, որ օրեր առաջ Սպիտակ տան վերընշված We the People կայքում տեղադրված մի շարք հակահայկական խնդրագրերի մասին է, որոնք, ինչպես պարզ է դարձել, ամենաանմիջական կապն ունեն Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը անդրադարձել է նաև 2013թ. փետրվարի 1-ին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Էլման Աբդուլլաևի ռուսերեն լեզվով ունեցած հարցազրույցին, որում վերջինս մասնավորապես նշել էր. «Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, անկախ իր ազգային պատկանելությունից, սոցիալական ծագումից, իրավասու է իր ձայնը բարձրացնել արդարության վերջնական հաղթանակի համար։ Ադրբեջանի Հանրապետության և ադրբեջանցի ժողովրդի կողմից իրականացվող այս քայլն իրենից շատ կարևոր միտում է ներկայացնում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը պաշտոնական հարցում է ուղարկել Սպիտակ տանը` խնդրելով տեղեկատվություն տրամադրել We the People առցանց խնդրագրերի համակարգի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որպեսզի քաղաքացիական հանրությունը դրսից չկարողանա դրանք կարգավորելու փորձեր անել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են