Ա.Ղուկասյան. «Ժողովուրդն իրավունք ունի ձերբազատվել անօրինական իշխանությունից. ես հավատում եմ մեր հաղթանակին»
«Ժառանգություն» կուսակցության հանրահավաքին, որ այս պահին շարունակվում է Ազատության հրապարակում, ելույթ ունեցավ նաև նախընտրական քարոզարշավը հացադուլի վայրում անցկացրած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը.
«Այս շինծու ընտրությունները հերթական անգամ մեզ հիասթափեցերցին, որովհետև մենք տեսանք, որ պետությունը ի զօրու չէ լինել արդար ու ազնիվ իր քաղաքացիների հետ: Շինծու ընտրությունները միաժամանակ հարթակ դարձան և ողջ հանրությունը կարողացավ համախմբվել»,- Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքը բաց թողնելով ու մոտենալով բարձրախոսին` նախևառաջ հայտարարեց նախագահի թեկնածուն:
Դիմելով «Ժառանգության» առաջնորդին նա նշեց, թե վերջինս կարողացավ միավորել հանրությունը, որի համար շնորհակալություն հայտնեց, բայց.
«Դա դեռ հաղթանակ չէ, այլ առաջին քայլն է դեպի հաղթանակը: Պետությունը պետք է ճանաչի, որ իր կողմից անօրինական ընդունված որոշումը չի ընդունվի հանրության կողմից, որն էլ կհայտարարի քաղաքացիական անհնազանդության մասին: Իհարկե մենք ունենք պատերազմի սպառնալիք, բայց մեր միակ գործիքը անհնազանդությունն է` չճանաչել ապօրինի իշխանությունն ու դրա որոշումները: Դա մենք այսօր, վաղը և մյուս օրերին պետք է հասկացնենք իշխող կուսակցությանը և հասկացնենք, որ դա կլինի անհնազանդության սկիզբը, իսկ իրենց` վերջը»,- հայտարարեց Ա.Ղուկասյանը:
Նա նաև պարտավորեցրեց ներկաներին` այն ոգին, որ առկա է Ազատության հրապարակում, պետք է տարածել ողջ հանրության մեջ, քանի որ դա է ճիշտ ճանապարհը.
«Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ձերբազատվել անօրինական իշխանությունից և ես հավատում եմ մեր հաղթանակին»,- հավելեց իր խոսքը Ա.Ղուկասյանն ու «Այո~» բացականչությունների ներքո հեռացավ հարթակից: