Ա.Մարտիրոսյանի սցենարը. Նախագահը հանձնում է իշխանությունը, խորհրդարանական նոր ընտրություններ են նշանակվում (Տեսանյութ)
«Շատ դրական երևույթ կլինի ոչ միայն այն, որ իրապես պարտված թեկնածուն շնորհավորի ընտրված նախագահին, այլ ավելի գեղեցիկ ու ճիշտ քաղաքական գործընթաց կլինի, եթե իշխանությունն ընդունի իր պարտությունը: Ցավոք սրտի 1991թ-ից Հայաստանում որևէ իշխանություն այդ ուժն իր մեջ չունեցավ պարտությունն ընդունելու, իսկ այդ պարտությունները միշտ են եղել»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ հույս ունի, թե այս անգամ մենք դրա ականատեսը կլինենք:
Ա.Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթական ավարտի կհասցնի պայքարը. «Ես ոչ թե հավատում եմ, որ կլինի իշխանափոխություն, այլ այդ իշխանափոխությունն արդեն եղել է փետրվարի 18-ին»,- ընդգծեց նա:
Արմեն Մարտիրոսյանի ներկայացրած սցենարը, որը նա հավանական է համարում, հետևյալն է. գործող նախագահը պետք է հանձնի իշխանությունը, խորհրդարանական նոր ընտրություններ նշանակվեն:
Սակայն, ըստ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորի. «Շատ լավ գիտենք, որ իրավական մեխանիզմներ դրա համար չկան և այս պարագայում կարևոր է ոչ այդքան այդ մեխանիզմների բացակայությունը, որքան ընդհանուր մթնոլորտը: Ես 100 տոկոս համոզված եմ, որ նախագահի փոփոխության արդյունքում և քաղաքական նոր իրավիճակի ձևավորման ժամանակ խորհրդարանն ինքը կլուծարվի, որովհետև բոլորովին այլ իրողություններ են լինելու: Ես որևէ խնդիր դրանում չեմ տեսնում, քանի որ իրավականը միշտ գալիս է լրացնելու քաղաքականի հիմնավորվածությունը» ,-նշեց նա:
Ա. Մարտիրոսյանը շարունակեց` խորհրդարանական նոր այդ ընտրություններից հետո կձևավորվի բոլորովին նոր կոալիցիա, արդեն ժողովրդի կողմից իրապես վստահություն ստացած քաղաքական ուժերով, որը և կձևավորի Հայաստանի նոր կառավարությունը: Իսկ այդ կառավարությունը «բնականաբար կգլխավորի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Բանախոսը տեղեկացրեց նաև, որ նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին երկար զրույց է ունեցել Դաշնակցության ներկայացուցիչների հետ, իսկ թե ինչի մասին են խոսել նրանք` Ա.Մարտիրոսյանը հորդորեց սպասել մինչև երեկո և հանրահավաքում անձամբ Ր.Հովհաննիսյանից այդ մասին տեղեկանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում