««ԴՇԿ»-ով կրակել են, մեկի տան պատն ա 15-20 սմ ծակել-մտել, տան մեջ պայթել». Այգեպարում գիշերը հանգիստ չի անցել
«Առայժմ կենդանի ենք մնացել, լավ ենք», որպիսության մասին մեր հարցին այսպես պատասխանեց Տավուշի մարզի Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը: Գյուղը այս գիշեր հերթական անգամ հակառակորդի գնդակոծությանն է ենթարկվել, պարբերաբար կրակոցներ են հնչել ու, ինչպես Այդինյանն ասաց, մանր-մունր վնասներ հասցրել: Գյուղապետի համար տան պատերը, տանիքները ծակելը արդեն մանր-մունր վնասներ են համարվում:
Գիշերվա կրակոցները գյուղի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Հովիկ Անդրեասյանի տան տանիքն են վնասել: Նրանց տունը դիրքերին շատ մոտ է: Անդրեասյանի կինը` 33-ամյա Արևիկ Խաչատրյանն ասում է, որ իրենց դպրոցահասակ երեխաներն այս գիշեր հատկապես շատ են վախեցել:
Գյուղապետ Այդինյանն արդեն շրջել է գյուղով և պարզել. «Մեկի ավտոտնակի պատն ա ծակել-մտել, բայց մեքենային չի վնասել, «ԴՇԿ»-ով կրակել են, մեկի տան պատն ա 15-20 սմ ծակել-մտել, տան մեջ ա պայթել, բարեբախտաբար մարդիկ պատահական տունը չեն եղել, հարևանի տունն են եղել, գյուղի փողոցներին տանիքներին, պատերին ամեն տեղ էլ խփել են էս գիշեր»:
Գյուղապետիի խոսքով, Երևանում հետընտրական այս իրավիճակը կապ չունի կրակոցների հաճախակիացման հետ. «Իմ կարծիքով, ամիսը մեկ, որ դիրքերում փոխվում են, հատուկ գրուպա յա գալի, ամիսը մեկ աննորմալ շներ են գալի, սկսում են կրակել»:
Գյուղապետը սեփական մոնիտորինգն անցկացնելով պարզել է` մերոնք երբեք չեն սկսել կրակել, միայն պատասխան կրակոցներ են արձակում:
«Բայց դե էդա էլի գյուղացիները դուխով են, ապրում են, ուրախ են: Հեսա լուսը բացվել ա, դուրս կգան կսկսեն աշխատել», -ասում է Այգեպարի գյուղապետը:
Նշենք, որ երկու օր առաջ, փետրվարի 20-ին, հակառակորդի կողմի արձակված կրակոցից գյուղացիներից մեկը հողամասում գործ անելիս վիրավորվել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները