«Մատաղիսի գործ»-ով վերաքննիչ բողոքի քննությունը կմեկնարկի մարտի 4-ին
Վերաքննիչ դատարանում «Մատաղիսի գործ»-ով վերաքննիչ բողոքի քննությունը կմեկնարկի մարտի 4-ին: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Վերաքննիչ դատրանից: Հիշեցնենք, որ այս գործով երկու վերաքննիչ բողոք էր ներկայացվել. մեկը տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի, իսկ մյուսն էլ Զինվորական դատախազության դատախազ Ա. Հարությունյանի կողմից: Գործը Վերաքննիչ դատարանում քննվելու է դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ:
Այսպես. տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը վերաքննիչ բողոքում Վերաքննիչ դատարանից պահանջում է վերանայել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` Ռազմիկ Թորգոմի Սարգսյանին, Մուսա Արտաշի Սերոբյանին , Արայիկ Միքայելի Զալյանին ՀՀ քր.օր. 112 հոդ. 2-րդ մասի 1-ին , 6-րդ և 14-րդ կետերով արդարացնելու վերաբերյալ դեկտեմբերի 18-ի դատավճիռը և կայացնել «ճիշտ վճիռ»:
Իսկ մեղադրող կողմը պահանջում է ամբողջությամբ բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` ամբաստանյալներ Ռազմիկ Թորգոմի Սարգսյանին, Մուսա Արտաշի Սերոբյանին, Արայիկ Միքայելի Զալյանին ՀՀ քր.օր. 112 հոդ. 2-րդ մասի 1-ին , 6-րդ և 14-րդ կետերով արդարացնելու վերաբերյալ դեկտեմբերի 18-ին կայացրած դատավճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ, նրանց մեղավոր ճանաչել ՀՀ քր.օր. 112 հոդ. 2-րդ մասի 1-ին , 6-րդ և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության մեջ և դատապարտել` Ռազմիկ Սարգսյանին ազատազրկման 7 տարի ժամկետով, Արայիկ Զալյանին և Մուսա Սերոբյանին` ազատազրկման 8-ական տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր էր ճանաչել «Մատաղիսի» զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Զինվորական դատախազությունը (այն ժամանակ զինդատախազը ներկայիս ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանն էր) բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ամբաստանյալներն իրենց հերթին բողոքարկել են դատավճիռը՝ հերքելով իրենց մեղսագրվող արարքները և խնդրել են վերանայել գործը։ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թ. մայիսի 30-ին Ա. Զալյանին, Ռ. Սարգսյանին և Մ. Սերոբյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Սպանված զինծառայողներից մեկի` Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը, ելնելով գործում առկա բազմաթիվ հակասություններից, ներկայացրել է վճռաբեկ բողոք, որտեղ նշել է, որ գործի քննությունը կատարվել է քրեական դատավարության նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, որի արդյունքում զինծառայողների սպանության իրական կատարողները երկու դատավարությունների ընթացքում չեն մեղադրվել, գտնվել են ազատության մեջ, և նրանց փոխարեն ցմահ ազատազրկման են դատապարտվել երեք անմեղ զինծառայողներ։
2006 թ. դեկտեմբերի 22-ին, սպանությունից մոտ երեք տարի հետո, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի՝ սպանված զինծառայողի հոր ներկայացուցչի բողոքը, բեկանել է Ռ. Սարգսյանի, Մ. Սերոբյանի և Ա. Զալյանի վերաբերյալ դատավճիռները և քրեական գործն ուղարկել նոր նախաքննության։ Այժմ երեք երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ դատավարությունը շարունակվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
2012-ի դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց արդարադցման դատավճիռ, որը սակայն դժգոհություններ առաջացրեց մյուս տուժող Ռոման Եղիազարյանի հարազատների մոտ և նրանք բողոքարկեցին վճիռը: Բողոքարկման մտադրության մասին ավելի ուշ հայտնեց նաև Զինդատախազությունը:
Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ կայացվեց (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան